Լևոն Պաչաջյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Լևոն Պաչաջյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

29/12/2021 - 23:02

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին` Facebook-ի իջ էջում կատարելով հետևյալ գրառումը.

«Իմ ժամանակը նույնպես եկավ…

Չնայած մեծ ցանկությանը, ֆիզիկապես և հոգեպես պատրաստվածությանը և պատրաստակամությանը` պետք է նշեմ, որ մի փոքր ցավալի հանգամանքներում, բայց գլուխս բարձր ավարտում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

21 տարի շարունակ, ամենատարբեր մակարդակներում հանդես եմ եկել 4 տարբեր երկրների առաջնություններում: Հռչակվել եմ Հայաստանի վեցակի Չեմպիոն, երեք անգամ հաղթել եմ Հայաստանի` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը և բախտ եմ ունեցել մեկ անգամ գլխիս վերևում պահել Հայաստանի գավաթը:


2003-ին լավագույն կիսապաշտանի, իսկ 2007-ին` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն եմ արժանացել, ինչի համար անչափ շնորհակալ եմ և հպարտ:


Արտերկրում էլ հաղթել եմ տարբեր մակարդակների առաջնություններում` ճանաչվելով ակումբի («Սանաթ-Նաֆթ») տվյալ տարվա լավագույն ֆուտբոլիստ և առաջնության («Լինշոպինգ Սիթի» ,Շվեդիա, երկրորդ դիվիզիոն) լավագույն կիսապաշտպան:

Խաղացել եմ բոլոր տարիքային (17/19/21) Հավաքականներում, իսկ ամենակարևոր ձեռքբերումս ֆուտբոլում իմ երկրի` Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելն է: 38 խաղ եմ անցկացրել Հավաքականում, խփել եմ 2 գոլ և արել եմ հնարավորինս` նպաստելու մեր Ազգային Հավաքականի հաջողությանը:

Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր մարզիչներին` սկսած առաջին մարզիչներ Ռոբերտ Մուրադյանից, Պավել Փաչաջյանից, Հակոբ Անդրասյանից, Ազատ Մանգասարյանից մինչև Միխայ Ստոյկիցա, Արմեն Գյուլբուդաղյանց, Սամվել Պետրոսյան, Յան Պորտերֆիլդ, Վարդան Բիչախչյան, Մագնուս Պերսոն, Մելկե Ալան և այլն…

Ու ամենակարևորը՝ հատուկ շնորհակալություն ընտանիքիս, հորս գլխավորությամբ, մորս, կնոջս, երեխաներիս, ովքեր մինչև վերջին պահը աջակցել, սովորեցրել, պայքարել, քննադատել, գովեստի խոսքեր են ասել և միշտ ուզեցել են ինձ ուժեղ տեսնել: Իմ վերջին տարիների ֆուտբոլ խաղալու համար ընտանիքիս եմ պարտական:

Ֆուտբոլն ինձ համար առանձնահատուկ է նաև այն բանի համար, որ ինձ տվել է ընկերներ, ովքեր ժամանակի ընթացքում հատուկ տեղ են զբաղեցրել իմ կյանքում,ովքեր օգնել և օգնում են ամենադժվար պահերին և մինչև հիմա իմ կողքին են և միշտ էլ կլինեն, ինչպես որ ես եմ նրանց կողքին:

Հպարտ եմ ձեզանով ու շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում:

ԵՒ ամենավերջում` շնորհակալ եմ հայ երկրպագուներին, ֆուտբոլի երկրպագուներին, ովքեր հիշում են և, երկար տարիների ընթացքում չմոռանալով իմ խաղը, միշտ աջակցել են և գովեստի խոսքերով ոգևորել են ինձ: Նաև շնորհակալ եմ ինձ քննադատողներին, որոնց խոսքերը նույնպես ձևավորել են առաջ գնալու իմ բնավորությունը: Շնորհակալ եմ բոլորիցդ:

Այսքանով եզրափակեմ իմ խոսքը որպես ֆուտբոլիստ և հիմա կտրուկ փոփոխության եմ գնում` չբարձրաձայնելով իմ հետագա անելիքները»,- եզրափակել է Պաչաջյանը։

Հավելենք, որ Պաչաջյանն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Զվարթնոց», «Փյունիկ», ԳԱԻՍ (Շվեդիա), «Ֆրեդրիկստադ» (Նորվեգիա), «Սանան Նավթ» (Իրան), «Շիրակ», «Միկա», «Ասիրիսկա» (Շվեդիա), «Արամայսկ» (Շվեդիա), «Սյոդերլելյե» (Շվեդիա) և «Լինշոպինգ Սիթի» (Շվեդիա) ակումբներում։

Այժմ ցանկանում ենք փորքիկ տեսանյութով ներկայացնել Լևոն Պաչաջյանի մասնակցությամբ հանդիպումներից լավագույն դրվագներ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023