Հիասքանչ ֆուտբոլ «Էմիրեյթսում». Արսենալը հաղթեց Մանչեսթեր Յունայթեդին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Կարելի է ասել` «զինագործները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 3-րդ րոպեին Նունու Տավարեշն առաջ մղեց «Արսենալին»։
Հանդիպումն ինչպես մեկնարկեց, այնպես էլ շարունակվեց` անչափ բարձր տեմպով. կողմերն անդադար փոխանակվում էին վտանգավոր դրվագներով, ինչի արդյունքում էլ կողմերը նախքան ընդմիջման գնալը փոխանակվեցին խփած գնդակներով։
Նախ 32-րդ րոպեին լոնդոնյան ակումբի առավելությունը կրկնապատկեց Բուկայո Սական, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, ապա 34-րդ րոպեին «կարմիր սատանաների» համար մեկ գնդակ հետ բերեց Կրիշտիանու Ռոնալդուն։
Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց հյուրերի խաղային առավելությամբ, ովքեր 55-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք։
Գնդակին մոտեցավ Բրունո Ֆերնանդեշը, սակայն պորտուգալացի կիսապաշտպանի հարվածից հետո «Արսենալին» փրկեց դարպասաձողը։
Ամեն դեպքում, 60-րդ րոպեին Ռալֆ Ռանգնիկի թիմը խփեց երկրորդ պատասխան գնդակը, սակայն Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլը հանդիպման գլխավոր մրցավար Քրեյգ Պոուսոնը խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրվեց։
Հաջորդ իսկ վտանգավոր գրոհին մանկունյական ակումբը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Դիոգու Դալոտի հարվածից հետո «Արսենալի» դարպասապահ Արոն Ռամսդեյլը դարպասաձողի օգնությամբ մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին։
Չիրացված պահերի համար Ռալֆ Ռանգնիկի թիմը պատժվեց, քանի որ 70-րդ րոպեին Գրանիտ Ջական հիասքանչ գոլի հեղինակ դարձավ ու հաշիվը դարձրեց 3:1։
Բաց թողած երրորդ գոլը թևաթափ արեց «Յունայթեդի» ֆուտբոլիստներին, ովքեր հանդիպման մնացած ժամանակահատվածում չկարողացան որևէ բան առաջարկել Միկել Արտետայի թիմին։
Այսպիսով, «Արսենալը» հիանալի խաղով հաղթեց 3:1 հաշվով, վաստակեց 60 միավոր ու բարձրացավ 4-րդ հորիզոնական։
«Մանչեսթեր Յունայթեդը», 54 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Բրունո Ֆերնանդեշ, Գրանիտ Ջակա, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Միկել Արտետա, Նունու Տավարեշ, Ռալֆ Ռանգնիկ