CTA-ը կարծում է, որ Ռեալ – Ալմերիա խաղում VAR-ը երկու դրվագում սխալ որոշում է կայացրել
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» – «Ալմերիա» (3:2) հանդիպման շուրջ կրքերը չեն հանդարտվում։
Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեն` CTA-ը, կարծում է, որ այդ հանդիպման VAR համակարգի պատասխանատու Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը վիճահարույց երեք դրվագներից երկուսում սխալ որոշում է կայացրել։
Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «արքայական» ակումբի օգտին նշանակված 11-մետրանոցի և Վինիսիուսի խփած գոլն արձնագրելու մասին է։
Ըստ CTA-ի` 11-մետրանոցի դրվագում նախքան «Ալմերիայի» պաշտպան Կայկի Ֆերնանդեսի ձեռքով խաղը, օդային պայքարում երկու հավանական խախտում է տեղի ունեցել «Ռեալի» ֆուտբոլիստների` Խոսելուի և Անտոնիո Ռյուդիգերի կատարմամբ։
Երբ գլխավոր մրցավար Ֆրանսիսկո Մայեսոն գնաց` դիտելու դրվագի տեսակրկնապատկերը, «Ռեալի» ֆուտբոլիստների կողմից թույլ տված հավանական խախտումները չեն ուսումնասիրվել։
Երբ հրապարկվեց մրցավարների խոսակցությունների ձայնագրությունը, պարզ դարձավ, որ տվյալ հավանական խախտտումների մասին, առհասարակ, կողմերը չեն քննարկել։
CTA-ը ենթադրում է, որ 11-մետրանոցի դրվագն Էրնանդես Էրնանդեսը կիսատ է դիտել` չուսումնասիրելով այն ամբողջությամբ։
Էրնանդես Էրնանդեսի երկրորդ սխալն այդ խաղում CTA-ն համարում է նրա`Մայեսոյին հրահանգելը դիտել Վինիսիուսի գոլի դրվագը, քանի որ չէր կողմնորոշվում՝ «Ռեալի» խաղացողը ձեռքով է խաղացել, թե` ուսով։
Այդ դրվագի ելքը չէր կարող հստակ որոշվել, և CTA-ն կարծում է, որ ճիշտ չէր մրցավարին VAR համակարգի մոտ կանչելը, քանի որ այդ սխալը պարզ և ակնհայտ չէ:
Հատկանշական է, որ չնայած մրցավարների տեխնիկական կոմիտեի նման եզրակացությանը, Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը նշանակվել է Լա լիգայի 22-րդ տուրում կայանալիք «Ռեալ Սոսիեդադ» – «Ռայո Վալեկանո» հանդիպման գլխավոր մրցավար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Էրնանդես Էրանդնես, Ալմերիա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆրանսիսկո Մայեսո