Comeback-ների երեկո ՉԼ-ում. ՊՍՎ-ն, Դինամո Կիևն ու Ռեյնջերսը դուրս եկան որակավորման փլեյ-օֆֆ փուլ🎥

Comeback-ների երեկո ՉԼ-ում. ՊՍՎ-ն, Դինամո Կիևն ու Ռեյնջերսը դուրս եկան որակավորման փլեյ-օֆֆ փուլ🎥

10/08/2022 - 11:01

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլը, որի պատասխան հանդիպումների շրջանակում կայացան մի շարք հետաքրքիր հանդիպումներ։

Ամենահետաքրքիր և ամենասկզբունքային դիմակայությունը կայացավ Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին ՊՍՎ-ն ու «Մոնակոն»։

Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը, իսկ պատասխան հանդիպումն անցավ էլ ավելի լարված պայքարում։

Առաջին կեսից հետո հոլանդական ակումբը, Ջոուի Վերմանի` 21-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, հաղթում էր 1:0, սակայն երկրորդ խաղակեսում մոնեգասկները ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 58-րդ ու 70-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Գիլերմո Մարիպանն ու Վիսամ Բեն Եդերը։

Խաղավերջում, երբ թվում էր` ՊՍՎ-ն իր մեջ ուժ չի գտնի պարտությունից խուսափելու համար, 89-րդ րոպեին Ռուդ վան Նիստելռոյի սաները տուգանայինի արագ խաղարկումից հետո խփեցին պատասխան գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Էրիկ Գուտիերեսը, ով եզրափակեց Լյուկ դե Յոնգի գլխով կատարած հիանալի փոխանցումը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Լրացուցիչ ժամանակում հյուրերն, ընդհանուր առմամբ, ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն ՊՍՎ-ի ֆուտբոլիստներն իրենց միակ գոլային պահը վերածեցին դարպասի գրավման. 109-րդ րոպեին հերոսացավ Լյուկ դե Յոնգը` հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպիսով, ՊՍՎ-ն այս խաղում հաղթեց 3:2, իսկ ընդհանուր դիմակայությունում` 4:3 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։

Ոչ պակաս լարված հանդիպում կայացավ նաև Ասվտրիայի Գրաց քաղաքում, որտեղ «Շտուրմը» մրցեց «Դինամո Կիևի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում կիևյան ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան խաղում «Շտուրմի» ֆուտբոլիստները 27-րդ րոպեին 19-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունդի խփած գոլի շնորհիվ կարողացան հետ բերել կորցրածն ու հանդիպումը տեղափախել լրացուցիչ ժամանակ։

Այդուհանդերձ, լրացուցիչ ժամանակում «Դինամոն» բեկեց դիմակայության ընթացքն ու հաղթանակ կորզեց։

Միրչա Լուչեսկուի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կոնստանտին Վիվչարենկոն ու Վիկտոր Ցիգանկովը։

«Դինամո Կիևն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով և նվաճեց որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է «Բենֆիկայի» դեմ։

Ամենատպավորիչ comeback-ը գրանցվեց Գլազգոյում, որտեղ «Ռեյնջերսը» մրցեց բելգիական «Ունիոն Սենթ-Ժիլուայի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում «Ռեյնջերսը» պարտվել էր 0:2, սակայն պատասխան հանդիպմանը շոտլանդական ակումբը ոչ միայն հետ բերեց երկու գնդակի կորուստը, այլև հաղթանակ կորզեց` առավելության հասնելով 3:0 հաշվով։

Ջովանի վան Բրոնխորսթի թիմի կազմից գոլերը խփեցին Ջեյմս Տավերնիեն, Անտոնիո Չոլակն ու Մալիկ Թիլմանը։

«Ռենջերներն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 3:2 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որի շրջանակում կմրցեն ՊՍՎ-ի դեմ։

Հավելենք, որ որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 16-ին, իսմ պատասխան խաղերը` օգոստոսի 23-24-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023