Կատալոնական դերբի․ այն ամենը, ինչ պետք է իմանալ

Կատալոնական դերբի․ այն ամենը, ինչ պետք է իմանալ

07/02/2022 - 18:25

Անկասկած, Կատալոնիայի մարզական օրացույցի ամենակարևոր օրը Լա լիգայի կատալոնական դերբին է, որի շրջանակում մրցում են «Բարսելոնան» ու «Էսպանյոլը»։ Այդ հանդիպումը մեծ հանրաճանաչություն ունի, իսկ խաղի օրը քաղաքը վերածվում է աշխարհի կենտրոնի։

Այս դիմակայությունը մոտ 100 տարվա պատմություն ունի, որի սկիզբը համընկնում է Բարսելոնայում կազմակերպված ֆուտբոլային առաջին միջոցառումների անցկացմանը, որը տեղի է ունեցել Լա լիգայի հիմնադրումից 30 տարի առաջ։

Տարիներ շարունակ, նախքան Լա լիգայի հիմնադրումը, կատալոնական դերբիներ են անկացվել Իսպանիայի գավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի, Կատալոնիայի գավաթի, ինչպես նաև այլևս գոյություն չունեցող Տոնավաճառների գավաթի շրջանակում։

Չնայած «Բարսելոնան» Լա լիգայի 26-ակի չեմպիոն է և հաճախ է լինում առաջատար դիրքերում, «Էսպանյոլը» մշտապես փորձում է տխրեցնել իր պատմականորեն ավելի հաջողակ հարևաններին։

Երկու ակումբներն էլ հիմնադրվել են 20-րդ դարասկզբին և ունեն նման, սակայն, ի վերջո, տարբեր ծագում։

«Բարսելոնան» 1899 թ. նոյեմբերին հիմնադրել է շվեյցարացի ուսանող Ժոան Գամպերը:

«Էսպանյոլը» հիմնադրվել է 1900 թ. հոկտեմբերին, իսկ ակումբի առաջին նախագահը եղել է Անխել Ռոդրիգես Ռուիսը։ Թիմի հիմնական կորիզը եղել են Իսպանիայի տարբեր շրջաններից` Անդալուսիայից, Գալիսիայից, Էստրեմադուրայից և նույնիսկ Մադրիդից Կատալոնիա եկած միգրանտները։

Առաջին կատալոնական դերբին տեղի է ունեցել 1900 թ. դեկտեմբերի 23-ին` այլևս գոյություն չունեցող «Camp de l’Hotel Casanovas» մարզադաշտում, իսկ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։

1929 թ., երբ հիմնադրվում էր Լա լիգան, ակումբների միջև արդեն կայուն մրցակցություն էր ձևավորվել։ Երկու ակումբներն էլ Լա լիգայի հիմնադիր-անդամներից են, իսկ մրցաշարի առաջին մրցաշրջանի ընթացքում գրանցված արդյունքը մինչ օրս կատալոնական դերբիների ամենագոլառատ հանդիպումն է. «Բարսելոնան» հաղթել է 5:4 հաշվով։

Լա լիգայի հիմնադրումից ի վեր` կատալոնական դերբին կայացել է յուրաքանչյուր տարի` բացառությամբ այն 5 մրցաշրջանների, երբ «Էսպանյոլը» հանդես է եկել Սեգունդայում։ Դիմակայության ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել է 1950/51 մրցաշրջանում, երբ «Էսպանյոլը» հաղթել է 6:0 հաշվով։

Յուրահատուկ էր 1956/57 մրցաշրջանը, որի ընթացքում «Բարսելոնան» ու «Էսպանյոլն» անցկացրին դեռևս միակ Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որի շրջանակում կայացել է կատալոնական դերբի։ «Բարսելոնան» այդ խաղում հաղթեց 1:0 հաշվով։

2006/07 մրցաշրջանում էլ կողմերը բախվեցին արդեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում, որի շրջանակում կրկին ուժեղ էին «կապտանռնագույնները»` հաղթելով ընդհանուր 4:0 հաշվով։

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին, ով ներկայումս ակումբի գլխավոր մարզիչն է, կատալոնական դերբիների շրջանակում մասնակցել է ամենաշատ հանդիպումներին (32)։

Դրան զուգահեռ, «Բարսայի» նախկին ավագ Լեո Մեսսին, դերբիների պատմության լավագույն ռմբարկուն է` խփելով 22 գոլ։

«Էսպանյոլի» կազմից լավագույնը Ռաֆայել Մարանիոնն է, ով 1974-1983 թթ. «Բարսելոնայի» դարպասն ուղարկել է 9 գոլ, իսկ «պերիկոսի» լեգենդ Ռաուլ Տամուդոն խփել է 8 գոլ։

Մի շարք ֆուտբոլիստներ իրենց կարիերայի ընթացքում հանդես են եկել ինչպես «Բարսելոնայի», այնպես էլ «Էսպանյոլի» կազմում, սակայն նրանցից ամենահայտնին լեգենդար դարպասապահ Ռիկարդո Զամորան է, ում անունով է այժմ կոչվում Լա լիգայի ու Սեգունդայի լավագույն դարպասապահի մրցանակը։

Երկու ակումբների կազմում հանդես են եկել նաև Լադիսլո Կուբալան, Յորդի Կրոյֆը, Իվան դե լա Պենյան, Ֆիլիպե Կոուտինիոն և Էռնեստո Վալվերդեն։

Վալվերդեն նաև այն քչերից, ով մարզել է երկու ակումբներն էլ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023