Արսենալի պաշտպանին դանակահարել են
«Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին, ով վարձավճարով հանդես է գալիս «Մոնցայի» կազմում, դանակահարվել է։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, դեպքը տեղի է ունեցել Միլանի արվարձաններից մեկում` Ասագո առևտրի կենտրոնում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 46-ամյա տղամարդը, ով, հավանաբար, հոգեկան խնդիրներ ունի, սուպերմարկետի դարակից դանակ է վերցրել և հարձակվել հաճախորդների վրա՝ լրջորեն վիրավորելով նրանցից առնվազն երկուսին։
Հարձակվողին կանգնեցրել են այցելուները, իսկ շուտով օգնության են հասել ոստիկանները, ովքեր ձերբակալել են այդ տղամարդուն։
Ընդհանուր առմամբ վիրավորվել է 6 մարդ, նրանց թվում է նաև Մարին։ Տուժածներին ուղղաթիռով հոսպիտալացրել են։
Libero Quotidiano-ի տեղեկություններով, տուժածներից մեկը` սուպերմարկետի գանձապահը, հարձակման ժամանակ տեղում մահացել է։
Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը գիտակից է և կարողանում է խոսել։ Հիվանդանոցում նրան արդեն այցելել են «Մոնցայի» գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանին և գլխավոր մարզիչ Ռաֆայել Պալադինոն։
Չնայած 29-ամյա պաշտպանը մեջքի հատվածում բավական խորը վնասվածք է ստացել, սակայն, բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում. ներքին օրգանները չեն վնասվել։
Այդ տեղեկությունը հաստատել է նաև Ադրիանո Գալիանին.
«Պաբլո Մարիին որևէ վտանգ չի սպառնում, քանի որ նրա ստացած վնասվածքը վտանգավոր չէ կյանքի համար։
Մենք հուսով ենք մոտ ժամանակներս տեսնել նրան թիմում»,- Գալիանիի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
հավելենք, որ Պաբլո Մարին «Արսենալի» շարքերը համալրել է 2020 թ. հունվարին, որի կազմում անցկացրել է 22 հանդիպում` խփելով 1 գոլ։
Իսպանացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ վարձավճարով տեղափոխվեց «Մոնցա», որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 8 անգամ և դարձել 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրիանո Գալիանի, Արսենալ, Մոնցա, Պաբլո Մարի, Ռաֆայել Պալադինո