AFCON. Մրցաշարի լավագույն ռմբարկուն իր ակումբում հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում
Կոտ դ’Իվուարում շարունակվում է Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական խաղարկությունը։
Մրցաշարի իսկական բացահայտում է դարձել Հասարակածային Գվինեայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստ Էմիլիո Նսուեն, ով անցկացրած 3 խաղում խփել է 5 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Թվում է` որևէ արտառոց բան չկա այստեղ, սակայն Նսուեն, ով պաշտպանում է Իսպանիայի երրորդ դիվիզիոնը` Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ինտերսիթիի» գույները, իր ակումբի կազմում հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում։
Նսուեն Հասրաակածային Գվինեայի կազմում հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում։
Ընդ որում, 34-ամյա ֆուտբոլիստն ակումբային մակարդակով անցկացրել է 489 հանդիպում, որոնցից 176-ում հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում։
Վետերան ֆուտբոլիստն ակումբային մակարդակում, որպես կենտրոնական հարձակվող, հանդես է եկել ընդամենը 11 անգամ` խփելով 5 գոլ։
Պետք է փաստել, որ Նսուեն 2013 թվականից հանդես է գալիս Հասարակածային Գվինեայի հավաքականի կազմում, սակայն նախորդ 41 դեպքերից ընդամենը երեք անգամ է դաշտ դուրս եկել իր հիմնական` աջ պաշտպանի դիրքում։
Նսուեն հավաքականի կազմում 19 անգամ հանդես է եկել կենտրոնական հարձակվողի դիրքում և դարձել 13 գոլի հեղինակ։
Վերջում ավելացնենք, որ Էմիլիո Նսուեն առավել հայտնի է «Մալյորկայի» կազմում ունեցած մրցելույթների շնորհիվ` անցկացրած 154 խաղում դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Էմիլիո Նսուե, Ինտերսիթի, Հասարակածային Գվինեայի հավաքական, Մալյորկա, Սեգունդա Բ