Դրամա Փարիզում. Մբապեն 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։
Հանդիպման առաջին կեսն անցավ փարիզյան ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն նրանց խաղում, մեծ հաշվով, չկար սրություն։
Առաջին 45 րոպեների ընթացքում Մաուրիսիո Պոչետինոյի սաները միայն մեկ իրական գոլային պահ ունեցան. 18-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր Կիլիան Մբապեն, սակայն «Ռեալին» փրկեց Տիբո Կուրտուան։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի հենց մեկնարկից ՊՍԺ-ն ավելի մեծ թափով սկսեց գրոհել. վտանգավոր պահերը մեկը մյուսին հաջորդում էին Կուրտուայի դարպասի ուղղությամբ, սակայ բելգիացի դարպասապահն ամեն անգամ փրկում էր հյուրերին։
«Փարիզն» իր ամենաիրական գոլային պահը ստացավ 62-րդ րոպեին, երբ Դանի Կարվախալը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Կիլիան Մբապեի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն «Ռեալի» դարպասին 11-մետրանոց նշանակեց։
Նշակետին մոտեցավ Լեո Մեսսին, սակայն արգենտինացի հարձակվողի հարվածից հետո կրկին փայլեց Տիբո Կուրտուան` փրկելով «սերուցքայիններին»։
77-րդ րոպեին Մբապեն աչքի ընկնելու հերթական փայլուն հնարավորությունն ուներ, սակայն այս անգամ էլ շեղ ստացվեց ֆրանսիացի հարձակվողի հարվածը։
Երբ թվում էր` հանդիպումը կավարտվի 0:0 հաշվով, 90+4-րդ րոպեին տանտերերը ֆանտաստիկ գրոհ զարգացին, որը եզրափակեց Կիլիան Մբապեն ու հաղթանակ պարգևեց «Փարիզին»։
Այսպիսով, ՊՍԺ-ն հաղթեց 1:0 հաշվով։
Նշենք, որ ողջ հանդիպման ընթացքում Կառլո Անչելոտիի թիմը կատարեց ընդամենը 3 հարված, որոնք չեն եղել դիպուկ։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Կառլո Անչելոտի, Կիլիան-Մբապե, Մաուրիսիո-Պոչետինո, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա