Տոտենհեմը Մոուրինիոյի փոխարինողին Գերմանիայում է գտել
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Տոտենհեմի» ղեկավարները սկսել են գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին փոխարինելու տարբերակներ փնտրել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լայպցիգի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դիտարկվում է որպես պորտուգալացի մասնագետին փոխարինող ամենահավանական թեկնածու։ Ի դեպ, ինքը՝ Նագելսմանը, դրական է արձագանքել հետագայում ԱՊԼ-ում մարզչական կարիերան շարունակելու մտքին։
Նշվում է, որ առաջիկա երկու շաբաթները վճռորոշ կլինեն Մոուրինիոյի ապագայի հարցում։ Եթե մարզիչը չկարողանա որոշակիորեն շտկել իրավիճակը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, ապա սպասվում է, որ 58-ամյա մասնագետին կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից։
Մյուս կողմից, Նագելսմանը պատրաստ չէ մրցաշրջանի կեսից լքել «Լայպցիգը», այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ Մոուրինիոն դեռևս ժամանակ ունի իրավիճակը շտկելու համար։
«Շնաձկներն» այս պահի դրությամբ Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 24 խաղերից հետո վաստակել է 36 միավոր, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ Լոնդոնյան ակումբը բոլոր մրցաշարերի հաշվարկով վերջին 8 հանդիպումներից 6-ում պարտվել է՝ տոնալով ընդամենը 2 հաղթանակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բունդեսլիգա, Ժոզե Մոուրինիո, Լայպցիգ, Յուլիան Նագելսման, Պրեմիեր-լիգա, Տոտենհեմ