440 ակումբ ՖԻՖԱ-ից ստացել է ընդհանուր 209 մլն դոլար փոխհատուցում` ֆուտբոլիստներին ԱԱ-2022-ի մասնակցել թույլ տալու համար
Այսօր` հուլիսի 13-ին, ՖԻՖԱ-ն հրապարակել է այն գումարի չափը, որոնք ստացել են ակումբներն իրենց ֆուտբոլիստներին` ԱԱ-2022-ին մասնակցել թույլ տալու համար։
Աշխարհի 51 երկրները ներկայացնող 440 ակումբներ դրա դիմաց ստացել են ընդհանուր 209 մլն դոլար փոխհատուցում։
Ամենաշատը վաստակել է «Մանչեսթեր Սիթին», որը ստացել է 4,59 մլն դոլար, ինչն ավելին է, քան աֆրիկյան բոլոր ակումբները միասին վերցրած` 4,57 մլն դոլար։
«Քաղաքաբնակներին» հաջորդել են «Բարսելոնան» (4,53 մլն), «Բավարիան» (4,3 մլն), «Ռեալ Մադրիդը» (3,83 մլն) և ՊՍԺ-ն (3,8 մլն)։
ՖԻՖԱ-ի բաշխած գումարների 76%-ը բաժին է հասել ՈՒԵՖԱ-ի`Եվրոպական ֆուտբոլային միության անդամ-երկրների, 11%-ն` Ասիայի ֆուտբոլային միության, 8%-ը` ԿՈՆԿԱԿԱՖ-ի` Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայի ու Կարիբյան ավազանի ֆուտբոլային համադաշնության, 3%` ԿՈՆՄԵԲՈԼ-ի` Հարավային Ամերիկայի ֆուտբոլային համադաշնության, 2%-ը` Աֆրիկյան ֆուտբոլի համադաշնության ներկայացուցիչներին։
Օվկեանիայի ֆուտբոլային համադաշնության ներկայացուցիչներն էլ ստացել են ընդհանուր գումարի 1%-ից քիչ գումար` 95,816 դոլար, որը բաժին է հասել «Վելինգտոն Ֆենիքս» ակումբին։
Հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի չեմպիոն է դարձել Արգենտինայի հավաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բավարիա, Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Մունդիալ-2022, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Քաթար-2022, ՖԻՖԱ