40-ամյա Կասորլայի` տուգանայինից խփած գոլը «Ռեալ Օվիեդոյին» դուրս է բերել Սեգունդայի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ 🎥
«Ռեալ Օվիեդոն» Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի` Սեգունդայի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի առաջին մասնակիցն է։
Կիսաեզրափակիչի պատասխան մրցավեճում Վելյկո Պաունովիչի գլխավորած թիմը ոչ-ոքի` 1:1 գրանցեց «Ալմերիայի» դեմ խաղում։ Առաջին խաղում «Ռեալ Օվիեդոն» մրցակցի դաշտում հաղթել էր 2:1 հաշվով ու նաև այդ արդյունքի շնորհիվ առավելության հասավ ընդհանուր դիմակայությունում։
Պատասխան խաղում «Ալմերիան» 24-րդ րոպեից Գոնսալո Մելերոյի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով։ Ընդմիջմանը «Ռեալ Օվիեդոյի» կազմում փոխարինման դուրս եկավ իսպանացի անվանի կիսապաշտպան Սանտի Կասորլան։
40-ամյա ֆուտբոլիստն արդեն 49-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով խփեց պատասխան գոլը, որը հետագայում հաղթական դարձավ «Ռեալ Օվիեդոյի» համար։
Կասորլան առավել հայտնի է «Արսենալում» և «Վիլյառեալում» ունեցած մրցելույթներով։ Նա Իսպանիայի հավաքականում 81 խաղում 15 գոլ է խփել, 2008 և 2012 թթ. «ֆուրիա ռոխայի» կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Վետերան կիսապաշտպանը 2023 թ. օգոստոսին է 20 տարի անց վերադարձել «Ռեալ Օվիեդո», որի մանկապատանեկան դպրոցի սան է։ Վերադարձից հետո նա 60 խաղում 4 գոլ է խփել, 9 ասիստ կատարել։
Աստուրիական ակումբը Լա լիգայի ուղեգիրը կվիճարկի «Միրանդես» – «Ռասինգ» դիմակայության հաղթողի դեմ։ «Ռեալ Օվիեդոն» վերջին անգամ Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում խաղացել է 2000/01 մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից