39-ամյա Զլատանը առաջ է տանում Միլանին🎥
Եվրոպական ֆուտբոլային weekend-ի կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ կայացավ հերթական միլանյան դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։
Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում և վճռորոշ եղավ առաջին խաղակեսում «Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի դուբլը, ով բավականին արագ՝ 12 և 16-րդ րոպեներին, երկու անգամ գրավեց Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը։
Վետերան հարձակվողի դուբլին «Ինտերը» կարողացավ պատասխանել միայն մեկ անգամ, երբ 28-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն եզրափակեց Իվան Պերիշիչի կատարած փոխանցումը։
Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը վերջերս է ապաքինվել կորոնավիրուսից, որը նրա մոտ ախտորոշվել էր սեպտեմբերի 24-ին։
Հավելենք, որ «Միլանը» բավականին երկար ժամանակ հաղթանակ չէր տարել միլանյան դերբիներում։ Վերջին անգամ «ռոսոներիները» իրենց համաքաղաքացիներին Ա սերիայի շրջանակում հաղթել էին 2016 թվականի հունվարի 31-ին․ այդ օրը «Միլանը» հաղթել է 3։0 հաշվով։
Ա սերիայի շրջանակում «Միլանն» անցկացրել է 4 խաղ՝ գրանցելով 100 տոկոսանոց արդյունք։ Ստեֆանո Պիոլիի սաները 12 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «Ինտերը» 7 միավորով 6-րդն է։
# Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, Ինտեր, Միլան, Ռոմելու-Լուկակու