Դորտմունդի Բորուսիան շարունակում է անկայուն ելույթները 🎥
Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցեց «Ֆրայբուրգի» դեմ։
Պետք է նշալ, որ Էդին Թերզիչի սաները մեծ հաշվով ամբողջ խաղի ընթացքում ունեին տարածքային շոշափելի առավելություն, ավելի շատ էին տիրում գնդակին և ավելի շատ հարվածում մրցակցի դարպասին, սակայն կատարողական առումով որոշակի խնդիրներ էին նկատվում թիմում։
Հատկանշական է, որ դորտմունդյան ակումբի տղաները ողջ խաղի ընթացքում 16 հարված են կատարել դեպի մրցակցի դարպասը, որից 6-ը դիպուկ, սակայն կարողացել են գոլ խփել միայն 1 անգամ։
Միևնույն ժամանակ տանտերերի՝ դարպասին կատարած 3 հարվածներից 2-ը պսակվել է դարպասի գրավումով։
Ինչևէ, գոլազուրկ առաջին խաղակեսից հետո խաղի հաշիվը բացեցին «Ֆրայբուրգի» տղաները հանդիպման 49-րդ րոպեին։ Վինչենցո Գրիֆոյի փոխանցումից հետո գոլն իր անվան դիմաց գրանցեց Ու Յոն Չոնը՝ 1։0։
Չէր անցել 3 րոպե, և տանտերերն արդեն առջևում էին երկու գնդակի առավելությամբ․ հեռահար հուժկու հարվածով իր թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի կիսապաշտպան Ջոնաթան Շմիդը։
Այս գոլից հետո «իշամեղուները» նետվեցին առաջ՝ փրկելու խաղը և 76-րդ րոպեին հետ բերեցին մեկ գնդակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Էրլինգ Հալանդի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ 16-ամյա հարձակվող Յուսուֆա Մուկոկոն՝ 2։1։
Չնայած բավական ժամանակ կար խաղը փրկելու համար, սակայն «Բորուսիայի» գրոհները գոլի չվերածվեցին։ Խաղն ավարտվեց «Ֆրայբուրգի» հաղթանակով 2։1 հաշվով։
Այս պարտությունից հետո Թերզիչի սաները շարունակում են նահանջ ապրել Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում և գտնվում են արդեն 7-րդ հորիզոնականում․ թիմը 20 խաղերից հետո վաստակել է ընդամենը 32 միավոր։
«Ֆրայբուրգն» արդեն 8-րդն է մրցաշարային աղյուսակում՝ իր ակտիվում ունենալով 30 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էդին Թերզիչ, Էրլինգ Հալանդ, Յուսուֆա Մուկոկո, Վինչենցո Գրիֆո, Ֆրայբուրգ