Ֆուլհեմն ու Արսենալը մոտ են ռեկորդային գործարք իրականացնելուն
«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն մոտ է ակումբային կարիերան «Ֆուլհեմում» շարունակելուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնին, հայտնում է, որ «հովեկները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «զինագործներին» առաջարկել են 35 մլն ֆունտ ստերլինգ (մոտ` 41 մլն եվրո)։
Ըստ աղբյուրի` կողմերն այժմ ակտիվ բանակցություններ են վարում և շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Քրիսթալ Փելասը», սակայն «Ֆուլհեմն» էականորեն առաջ է անցել մրցակցից։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի իր միկրոբլոգում գրում է, որ անգլիացի ֆուտբոլիստը «Ֆուլհեմի» հետ մինչև 2029 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել։
Նշենք, որ եթե գործարքը կայանա, այն դառնալու է «Ֆուլհեմի» պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումն ու «Արսենալի» ամենաթանկարժեք վաճառքը։
«Ֆուլհեմում» այն գերազանցելու է Ժան-Միշել Սերիի ռեկորդը։ Լոնդոնյան ակումբը կոտդիվուարցի ֆուտբոլիստի տրանսֆերը 2018 թ. ամռանը ֆրանսիական «Նիցայից» գնել է 30 մլն եվրոյով։
Մինչև այս «Արսենալն» ամենաթանկը վաճառել է Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենի տրանսֆերը։ 2017 թ. ամռանը «Լիվերպուլը» նրան ձեռք է բերել 38 մլն եվրոյով։
Հավելենք, որ Էմիլ Սմիթ-Ռոուն «զինագործենրի» սան է, որի հիմնական թիմում 115 խաղում խփել է 18 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Օքսյելդ-Չեմբերլեն, Արսենալ, Դավիդ Օրնշտայն, Էմիլ Սմիթ-Ռոու, Ժան-Միշել Սերի, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆուլհեմ