ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել` կապված Էկվադորի հավաքականի հետ
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Էկվադորի հավաքականը չի զրկվի ԱԱ-2022-ի ուղեգրից։
Հիշեցնենք, որ Չիլիի հավաքականի փաստաբան Էդուարդո Կարլեզոն պնդում էր, թե Էկվադորի եզրային պաշտպան Բայրոն Կաստիլիոն կեղծել է մի շարք անձնական տվյալներ։
Նա հայտարարել էր, թե Կաստիլիոն կոլումբացի է և իրավունք չի ունեցել ներկայացնել Էկվադորը։
Չիլին դիմել էր ՖԻՖԱ-ին` պահանջելով Էկվադորի հավաքականի անվան դիմաց պարտություն գրանցել այն 8 խաղերում, որոնց Կաստիլիոն մասնակցել էր ԱԱ-2022-ի ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում։
Այդուհանդերձ, ՖԻՖԱ-ն մերժել է Չիլիի հավաքականի բողոք-հայտը, ինչի արդյունքում Էկվադորի հավաքականը չի զրկվել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից։
Հավելենք, որ Էկվադորի հավաքականը Քաթար-2022-ի ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում, վաստակած 26 միավորով, զբաղեցրեց 4-րդ հորիզոնականն ու պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։
Գոնսալո Ալֆարոյի թիմը մրցաշարի շրջանակում ընդգրկվել է A խմբում և կմրցի Հոլանդիայի, Սենեգալի ու Քաթարի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բայրոն Կաստիլիո, Գոնսալո Ալֆարո, Էդուարդո Կարլեզո, Էկվադորի հավաքական, ԿՈՆՄԵԲՈԼ, Մունդիալ-2022, Չիլիի հավաքական, Քաթար-2022