Ֆանտաստիկ ֆուտբոլ «Էթիհադում». Ման. Սիթին ու Տոտենհեմը համառ պայքարում չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Կարելի է ասել` հանդիպումն անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 6-րդ րոպեին Հին Մին Սոնը բացեց հաշիվն ու առաջ մղեց լոնդոնյան ակումբին։
Այդուհանդերձ, արդեն 9-րդ րոպեին հարավկորեացի հարձակվողը վերադարձրեց «պարտքն» ու գրավեց սեփական դարպասը, ինչից հետո հաշիվը դարձավ 1:1։
«Քաղաքաբնակներն» առաջին կեսի մեծ մասում բավական լուրջ խաղային առավելություն ունեին և նախքան ընդմիջում նաև առաջ անցան հաշվի մեջ. 31-րդ րոպեին աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը։
69-րդ րոպեին լուսատախտակին կրկին հավասար հաշիվ վառվեց, երբ Ջովանի Լո Չելսոն, եզրափակելով Հին Մին Սոնի փոխանցումը, դարձավ գոլի հեղինակ։
Բաց թողած երկրորդ գոլը փոքր-ինչ թևաթափ արեց Պեպ Գվարդիոլայի սաներին, սակայն վերջիններս կրկին սկսեցին մեծ ճնշում գործադրել ու 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ջեք Գրիլիշն առաջ մղեց «Ման. Սիթիին»։
Թվում էր` մանկունյական ակումբը ծանր հաղթանակ կկորզի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Անգե Պոստեկօղլուի սաները, ովքեր կարողացան փրկել հանդիպումը. 90-րդ րոպեին հերոսացավ Դեյան Կուլուշևսկին։
Այսպիսով, այս թրիլլերային հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Սիթին» վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Տոտենհեմը», 27 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգե Պոստեկօղլու, ԱՊԼ, Դեյան Կուլուսևսկի, Հին Մին Սոն, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջեք Գրիլիշ, Ջովանի Լո Չելսո, Տոտենհեմ, Ֆիլ Ֆոդեն