Ֆանտաստիկ Ինտեր?

Ֆանտաստիկ Ինտեր?

10/02/2020 - 02:08

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում իրար դեմ մրցեցին «Իտներն» ու «Միլանը»։ Հանդիպումն ունեցավ անհավանական սցենար։

Առաջին խաղակեսում «Միլանը» գրեթե բոլոր ասպեկտներով գերազանցեց մրցակցին։ «Ռոսոներիների» գրոհները բավականին սուր էին, հատկապես կարելի է հիաշատակել 8-րդ րոպեին Հական Չալհանօղլուի հարվածը, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Նախքան ընդմիջման գնալը նոմինալ հյուրերը երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ 40-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո աչքի ընկավ Անտե Ռեբիչը, իսկ 45-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո արդեն շվեդ հարձակվողը դարձավ գոլի հեղինակ։

Սակայն, երկրորդ խաղակեսում Անտոնիո Կոնտեի սաները կերպարանափոխվեցին՝ բեկելով հանդիպման ընթացքը։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Մարսելո Բրոզովիչը հեռահար հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, այնուհետև 54-րդ րոպեին հարվածային դիրք դուրս եկավ Ալեքսիս Սանչեսը, ում չհաջողվեց գրավել Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը, սակայն նրա փոխանցումից հետո Մաթիաս Վեսինոն գրավեց դատարկ դարպասը։

Այս երկու գոլերից հետո էլ «Ինտերը» շարունակում էր ճնշումը, և 70-րդ րոպեին Անտոնիո Կանդրևայի իրացրած անկյունայինից հետո աչքի ընկավ Սթեֆան դե Վրեյը։

«Միլանը» նետվեց առաջ՝ փրկելու հանդիպումը, և 90-րդ րոպեին քիչ էր մնում հանդիպման հաշիվը հավասարվեր։ Զլատանի մոտ տարածությունից գլխով կատարած հարվածից հետո Դանիելե Պադելիին փրկության հասավ դարպասաձողը։ Այդ դրվագից հետո գնդակին տիրեց «Ինտերը» և կազմակերպեց ևս մեկ գոլային գրոհ։ Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին Վիկտոր Մոզեսի եզրից կատարած փոխանցումից հետո Ռոմելու Լուկակուն դրեց հանդիպման վերջակետը՝ 4։2։

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը վաստակեց 54 միավոր և կրկին հավասարվեց «Յուվենտուսին»։ Առաջնությունում այժմ երկիշխանություն է, իսկ «Միլանը» 32 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023