Այաքսի 19-ամյա տաղանդը տեղափոխվում է Լայպցիգ․ ակումբը շուտով կհայտարարի տրանսֆերի  մասին

Այաքսի 19-ամյա տաղանդը տեղափոխվում է Լայպցիգ․ ակումբը շուտով կհայտարարի տրանսֆերի մասին

12/03/2021 - 12:01

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն , «Այաքսի» 19-ամյա կենտրոնական հարձակվող Բրայան Բրոբեյը մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Լայպցիգ»։

Հոլանդացի ֆուտբոլիստը «ցլերի» ղեկավարության հետ արդեն համաձայնության է հասել։ Բրոբեյը 2021 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Լայպցիգի» շարքերը, քանի որ նրա ու «Այաքսի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրոբեյը նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, իսկ «Լայպցիգը» խաղացողի տրանսֆերի մասին կհայտարարի շուտով։

«Գործարքը 100% կայացել է։ Հերթական թոփ տաղանդը կհամալրի «Լայպցիգի» շարքերը։

Նա «Այաքսից» կհեռանա որպես ազատ գործակալ»,- գրել է Ռոմանոն իր Instagram-ի պաշտոնական օգտահաշվում։

Հավելենք, որ Բրայան Բրոբեյը «Այաքսի» սան է, որի համակարգում հանդես է գալիս 2010 թվականից։ 19-ամյա ֆուտբոլիստը Ամստերդամը ներկայացնող ակումբի գլխավոր թիմի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Էրեդիվիզիայի 7-րդ տուրի շրջանակում «Ֆորտունա Սիտարդի» դեմ կայացած խաղում դուրս գալով փոխարինման։ Բրոբեյն առաջին իսկ խաղում դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5։2 հաշվով։

Բրոբեյն ընթացիկ մրցաշրջանում, ընդհանուր առմամբ, «Այաքսի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2020/21 մրցաշրջանում նա հիմնականում խաղում է «Այաքսի» երիտասարդական թիմի՝ «Յանգ Այաքսի» կազմում, որը հանդես է գալիս Հոլանդիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում։ Ընթացիկ մրցաշրջանում Բրոբեյը «Յանգ Այաքսի» կազմում էլ անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք նաև, որ Բրոբեյը Նիդեռլանդերի տարբեր տարիքային հավաքականների կազմում է հանդես եկել (Մ-15, 16, 17 և 19), որոնց կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 26 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023