«Զինագործները» վստահ տեսք ունեին՝ հսկայական քայլ կատարելով դեպի 1/4 եզրափակիչ 🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալին»։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին հյուրերը և արդեն 6-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը գլխի հարվածով կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն նրա հարվածից հետո փայլուն խաղաց հունական ակումբի դարպասապահ Ժոզե Սան՝ փրկելով իր թիմին վիրահաս գոլից։
Ընդհանրապես, խոսելով առաջին խաղակեսի մասին՝ պետք է փաստել, որ այն անցավ Միկել Արտետայի սաների առավելությամբ, որոնք ավելի շատ էին տիրում գնդակին (55%) և ավելի հաճախ և ավելի վտանգավոր գրոհում։
«Զինագործների» ակտիվությունը տվեց իր արդյունքը հանդիպման 34-րդ րոպեին, երբ դիպուկ հարվածով աչքի ընկավ հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարտին Էդեգորը՝ առաջ մղելով իր թիմին։
Հատկանշական է, որ այդ գոլը 22-ամյա ֆուտբոլիստի համար «Արսենալի» կազմում առաջինն էր։ Ի դեպ, նորվեգացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», իսկ լոնդոնյան ակումբի կազմում նա հանդես է գալիս վարձավճարով։
Ինչպես պարզվեց հետագայում, այս գոլը միակն էր առաջին խաղակեսում, և կողմերն ընդմիջման գնացին լոնդոնցիների նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսը հանգիստ տեմպով մեկնարկեց, սակայն հարաբերական անդորրը խախտվեց 58-րդ րոպեին, երբ հյուրերի պաշտպանների կոպտագույն սխալից հետո «Օլիմպիակոսի» հարձակվող Յուսեֆ Էլ-Արաբին գրավեց «զինագործների» դարպասը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։
Ընդունած գնդակից հետո լոնդոնյան ակումբի տղաները աստիճանաբար գնդակի նկատմամբ վերահսկողությունը վերցրին իրենց ձեռքը՝ նպատակ ունենալով կրկին հաշվի մեջ առաջ անցնել և հանդիպման 79-րդ րոպեին նրանց հաջողվեց կրկին գոլի հեղինակ դառնալ։ Գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ հյուրերի բրազիլացի պաշտպան Գաբրիելը՝ դարձնելով հաշիվը 2։1։
Հանդիպման գլխավոր մրցավար Դանիել Զիբերտը գոլային դրվագում կասկածեց խախտում գրոհող թիմի կողմից, սակայն, այնուամենայնիվ, որոշում կայացրեց հաշվել գոլը։
Ոգևորված ձեռքբերածով՝ Արտետայի տղաները հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ էլ ավելի մեծացնրին իրենց առավելությունը, իսկ գոլը հեռահար գեղեցիկ հարվածով իր անվան դիմաց գրանցեց եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենին՝ դարձնելով հաշիվը 3։1։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս դարպասի գրավում չարձանագրվեց։ Այսպիսով, «Արսենալը» հաղթեց 3։1 հաշվով և հսկայական քայլ կատարեց դեպի Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին՝ Երևանի ժամանակով 21։55 սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Սա, Մարտին-Էդեգոր, Միկել Արտետա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ