Շալկեի մարզիչը խառնում է ֆուտբոլիստներին․ առաջատարները պահանջում են նրա հրաժարականը

Շալկեի մարզիչը խառնում է ֆուտբոլիստներին․ առաջատարները պահանջում են նրա հրաժարականը

28/02/2021 - 00:24

«Շալկե-04»-ի գլխավոր մարզչի՝ Քրիստիան Գրոսի գլխին սև ամպեր են կուտակվել։

Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, շվեյցարացի մասնագետը կորցրել է ֆուտբոլիստների աջակցությունն ու վստահությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գելզենկիրխենյան ակումբի առաջատարները ռուրյան դերբիի շրջանակում «Բորուսիա Դորտմունդից» կրած 0։4 հաշվով պարտությունից հետո դիմել են «Շալկեի» սպորտային տնօրեն Յոհան Շնայդերին՝ պահանջելով հեռացնել Գրոսին, սակայն ֆունկցիոները մերժել է ֆուտբոլիստներին։

«Շալկեի» ֆուտբոլիստները 66-ամյա մասնագետի աշխատելաոճը վատն են համարում։ Դրան գումարվել է նաև այն, որ Գրոսը շփոթում է ֆուտբոլիստների անունները, ինչը դուր չի գալիս վերջիններիս։

Մասնավորապես Գրոսը Չան Բոզդոգանին խառնել է Քերիմ Չալհանօղլուի հետ, իսկ Ալեսանդրո Շյոպֆին՝ Մասիմո Շուպի հետ։

Ամեն դեպքում, ակումբը սկսել է դիտարկել Գրոսին փոխարինելու տարբերակներ։ Գրոսի հավանական փոխարինողը կարող է դառնալ նրա օգնականը՝ Ռայներ Վիդմայերը կամ էլ Նորբերթ Էլգերտը, ով այժմ մարզում է «Շալկե-04»-ի Մ-19 տարեկանների թիմը։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայում «Շալկեի» գործերը պարզապես աղետալի են։ Գելզենկիրխենը ներկայացնող ակումբը կայացած 23 տուրերից հետո վաստակել է ընդամենը 9 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Ներքին առաջնության շրջանակում անցնող մեկ տարում ակումբը տոնել է ընդամենը 1 հաղթանակ, որը տեղի է ունեցել սույն թվականի հունվարի 9-ին, երբ 15-րդ տուրում 4։0 հաշվով հաղթեց «Հոֆֆենհայմին»։ Մինչ այդ ակումբը չէր հաղթել 30 խաղ և ևս մեկը չհաղթելու դեպքում կկրկներ Բունդեսլիգայի պատմական հակառեկորդը։

Հատկանշական է, որ Բունդեսլիգայի ընթացիկ՝ 23-րդ տուրում էլ ակումբը 1։5 հաշվով հյուրընկալվելիս պարտվել է «Շտուտգարտին»։

Հավելենք, որ Քրիստիան Գրոսը «Շալկեի» մարզիչ է նշանակվել 2020 թվականի դեկտմեբերին՝ 2019 թվականի մարտից ի վեր դառնալով ակումբի 5-րդ գլխավոր մարզիչը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023