Փյունիկը ցավալի պարտություն կրեց Սլովանի դեմ խաղում
Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում Բրատիսլավայի «Տեհելնե Պոլե» մարզադաշտում մրցեց «Սլովանի» դեմ։
Հանդիպման առաջին կեսի մեծ մասն անցավ տանտերերի առավելությամբ, ովքեր ստեղծեցին մի քանի իրական գոլային պահեր, սակայն Եղիշե Մելիքյանի թինը դիմացավ այդ ճնշմանը։
Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկում էլ նույն պատկերն էր. Սլովակիայի չեմպիոնը մեծ ուժերով գրոհում էր, «Փյունիկը»` պաշտպանվում։
Հատկապես հիշատակման է արժանի խաղակեսի հենց սկզբում Յարոմիր Զմրգալի ունեցած դրվագը, երբ նրա հարվածից հետո Դավիդ Յուրչենկոն մեծ դժվարությամբ փրկեց հյուրերին։
«Փյունիկն» իր առաջին գոլային պահը ստեղծեց 55-րդ րոպեին, երբ Դամե Դիոպի հարվածից հետո «Սլովանին» փրկեց դարպասապահ Ադրիան հովանը։
64-րդ րոպեին «Սլովանի» պաշտպաններն ու դարպասապահը գործեցին անհամաձայնեցված, ինչի հետևանքով Դամե Դիոպը հայտնվեց հարվածային դիրքում, ում Հովանը միայն կանոնների խախտման գնով կանգնեցրեց։
Հանդիպման գլխավոր մրցավար Մանուել Շրյուտենգրուբերն առանց հապաղելու 11-մետրանոց նշանակեց «Սլովանի» դարպասին։
Նշակետին մոտեցավ Եվգենի Կոչուկն, ով դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվն ու առաջ մղեց «Փյունիկին»։
Բաց թողած գոլը կարծես սառը ցնցուղ լիներ Վլադիմիր Վայսի թիմի համար, որի ֆուտբոլիստները տևական ժամանակ ոչինչ չէին կարողանում ստեղծել մեր թիմի դարպասի ուղղությամբ, սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ «Փյունիկի» համար, քանի որ մրցակիցն ընդամենը 1 րոպեի ընթացքում ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։
Նախ 84-րդ րոպեին աչքի ընկավ Գուրամ Կաշիան, ապա 85-րդ րոպեին` Էրիկ Ռամիրեսը, ով օգտվեց Դավիդ Յուրչենկոյի անհասկանալի սխալից։
Խաղավերջում «Փյունիկը» չկարողացավ հետ բերել կորցրածը` պարտվելով 1:2 հաշվով։
Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
«Բազել» 2:2 «Ժալգիրիս»
H խումբը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Սլովան» – 8 միավոր
- «Բազել» – 8 միավոր
- «Փյունիկ» – 6 միավոր
- «Ժալգիրիս» – 5 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվգենի Կոչուկ, Կոնֆերենցիաների լիգա, Սլովան-Բրատիսլավա, Փյունիկ