Տուխել. «Ռեալը մեծ առավելություն ունի. նրանք բոլոր խաղերին 5 փոփոխություն են կարողանում կատարել»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ «Ռեալ Մադրիդը», Լա լիգայի հանդիպումների շրջանակում 5 փոփոխություն կատարելու շնորհիվ, առավելություն ունի լոնդոնյան ակումբի նկատմամբ։
«Առաջին հերթին մենք ցանկանում էինք ավելի լավ տեսք ունենալ ֆիզիկական տեսանկյունից, սակայն Լոնդոնում կայացած խաղում մեզ չհաջողվեց ավելի ինտենսիվ լինել դաշտում։
Երկրորդ, «Ռեալը» մեծ առավելություն ունի ֆիզիկական տեսանկյունից. չէ՞ որ նրանք բոլոր խաղերին 5 փոփոխություն են կարողանում կատարել, իսկ մենք հանդես ենք գալիս աշխարհի ամենաբարդ առաջնությունում և 2022 թվականին ավելի շատ հանդիպումներ ենք անցկացրել։
Որպեսզի մեր թիմն ավելի յուրօրինակ դառնա, պետք է լավ մարզավիճակ, անձնազոհություն, նվիրվածություն և ներդրում։ Դիմակայության առաջին խաղում մենք չկարողացանք վերոնշյալ հատկանիշները կիրառել։
Այդ ամենի պատճառներից է, որ մրցակիցն ունի վարպետություն, հանդիպումը և գնդակը վերահսկելու ունակություն»,- Տուխելի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
Հավելենք, որ Լա լիգայի շրջանակում հանդիպումների ժամանակ ակումբներին թույլատրվում է կատարել 5, իսկ Պրեմիեր լիգայի շրջանակում` 3 փոփոխություն։
Նշենք` արդեն պաշտոնապես որոշվել է, որ 2022/23 մրցաշրջանից սկսած, ԱՊԼ-ի ակումբները նույնպես կկարողանան կատարել 5 փոփոխություն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում կայացած առաջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալին», իսկ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա այսօր` ապրիլի 12-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թոմաս ՏՈւխել, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ