Տուխելը՝ լրագրողին․ «Հերիք է Վերների մասին կարդաք․ ավելի լավ է՝ գիրք կարդացե՛ք»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ բուռն է արձագանքել լրագրողի այն նկատառմանը, որ օրվա ընթացքում նա շատ է կարդում լուրեր այն մասին, որ Տիմո Վերները հեռանալու է լոնդոնյան ակումբից։
«Հերի՛ք է կարդաք, հերի՛ք է։ Ի՞նչ եք դուք ընդհանարպես կարդում։ Ավելի լավ է՝ գիրք կարդացե՛ք։ Տիմո Վերների մասին գրքեր չկան, այդ պատճառով ավելի լավ է՝ կարդացեք այլ գրքեր։
Չեմ կարծում, որ Տիմոն հիասթափվելու պատճառներ ունի։ Նա «Լիվերպուլի» (խմբ․՝ «Չելսին» հաղթեց 1։0 հաշվով) դեմ հիանալի հանդիպում անցկացրեց։ Հավանական է, որ դա նրա կատարմամբ լավագույն խաղն էր իմ՝ գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո։ Այնուհետև նա լավ հանդիպում անցկացրեց «Էվերտոնի» դեմ (խմբ․՝ լոնդոնյան ակումբը հաղթեց 2։0 հաշվով)։
Այո, նա այդ խաղերում գոլի հեղինակ չդարձավ, սակայն մենք նրան հստակ խորհուրդներ տվեցինք։ Մարզչական շտաբը նրան հորդորեց մտածել ոչ թե գոլի հեղինակ դառնալու, այլ գործընթացի, ճիշտ որոշում կայացնելու, տեխնիկան ճիշտ կիրառելու և ճիշտ ընտրություն ու քայլ կատարելու մասին։ Ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է բանեցնել լավ տեխնիկա, իսկ գնդակը մնացածն ինքը կանի։
Պարզապես, ժամանակ չկա մտածելու, թե ինչ տեղի կունենա ամռանը կամ հաջորդ տարի։ Այս պահին ես չեմ տեսնում որևէ հիմք, ինչի պատճառով Վերները պետք է հիասթափվի և հեռանա։ Մենք «Լիդսի» (0։0) դեմ խաղում նրան մի փոքր հանգստի հնարավորություն տվեցինք (խմբ․՝ գերմանացի հարձակվողը դաշտ մտավ միայն 69-րդ րոպեին)»,- գերմանացի մասնագետի խոսքեը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Տիմո Վերները «ազնվականների» շարքերը համալրել է 2020 թվականի ամռանը։ Այդ ժամանակ «կապույտների» ղեկավարությունը խաղացողի դիմաց «Լայպցիգին» վճարեց 53 մլն եվրո։ Մինչ այս պահը 25-ամյա հարձակվողը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էվերտոն, Թոմաս ՏՈւխել, Լիդս, Լիվերպուլ, Չելսի, Տիմո Վերներ