Տեսադարան N21․ Բարսելոնա – Միլան?
Շարունակում ենք տեսադարանի շարքը՝ ներկայացնելով լեգենդար հանդիպումների տեսակրկնություններ։ Այսօր կներկայացնենք Չեմպիոնների լիգայի 1993/94 խաղարկության եզրափակիչ «Բարսելոնա» – «Միլան» հանդիպումը, որը կայացել է 1994 թվականի մայիսի 18-ին Աթենքում։
Երկու ակումբներն էլ 1980-ականների կեսերին այնքան էլ լավ վիճակում չէին գտնվում՝ չնվաճելով նույնիսկ ներքին գավաթները, սակայն տասնամյակի վերջում թե՛ «Միլանը», թե՛ «Բարսելոնան» սկսեցին վերելք ապրել։
«Ռոսոներիները» Արիգո Սակիի գլխավորությամբ որոշ ժամանակ հավասարը չունեին Եվրոպայում։ Ակումբի կազմում փայլում էր հոլանդական եռյակը՝ Մարկո վան Բաստեն, Ռուդ Գուլիդ, Ֆրանկ Ռայկարդ, որոնց գլխավորում էր Ֆրանկո Բարեզին։ Ակումբը 1989 և 1990 թվականներին երկու անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպական չեմպոինենրի գավաթը, իսկ 1991/92 – 1993/94 մրցաշրջաններում՝ երերք անգամ անընմդեջ դարձավ Ա սերիայի չեմպիոն, սակայն արդեն Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ։
Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա «կապտանռնագույնները» 1988 թվականից գլխավորող Յոհան Կրոյֆին հաջողվեց ստեղծել բավականին հզոր կազմ, որը 1990/91-199/94 մրցաշրջաններում անընդմեջ չորս անգամ դարձել էր Լա լիգայի չեմպիոն, իսկ 1991/92 մրցաշրջանում նվաճել էր Եվրոպական չեմպիոնների գավաթը։ Ակումբի կազմում փայլում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Պեպ Գվարդիոլան, Ռոնալդ Կումանը, Հրիստո Ստոյիչկովը, Գիորգի Հաջին, Գիլերմո Ամորը, Չիկի Բեգիրիստայնը, Ռոմարիոն, Միքայել Լաուդրուպը և այլ աստղեր։
Եվ ահա 1993/94 մրցաշրջնանի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը կողմերը կարելի է ասել մոտենում էին եվրոպական ֆուտբոլում վերջին տարիներին տոն տվող և գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող թիմեր։ «Միլանը» Ֆաբիո Կապոլեյի գլխավորությամբ տիպիկ իտալական ֆուտբոլ էր ցուցադրում․ քիչ խփում էր, քիչ էլ բաց էր թողնում։ «Բարսելոնան» այդ ֆուտբոլի հակապատկերն էր և հեղափոխական տոտալ ֆուտբոլ էր ցուցադրում։ Նրանց մասնակցությամբ գոլառատ հանդիպումներ շատ էին պատահում։
Այն ժամանակ մրցաշարի անցկացման կարգը լրիվ այլ էր։ Մրցաշարի ուղեգիր նվաճած ակումբները երկու որակավորման փուլ էին անցկացնում, ինչից հետո լավագույն ութ ակումբները հայտնվում էին խմբային փուլում՝ բաժանվելով երկու խմբի։
«Բարսելոնան» պայքարը կարող էր լքել դեռևս առաջին փուլից, երբ որակավորման փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 3։1 հաշվով պարտվեց «Դինամո Կիևին», սակայն պատասխան խաղում 4։1 հաշվով ռևանշի հասավ, իսկ «Միլանն» իր հերթին Ժան-Պիեր Պապենի միակ գոլի շնորհիվ երկու խաղերի արդյունքում 1։0 հաշվով առավելության հասավ շվեյցարական «Արաուի» նկատմամբ։
Երկրորդ փուլում երկու ակումբներն էլ հեշտ հաղթանակներ տարան։ «Բարսելոնան» ընդհանուր 5։1 հաշվով հաղթեց «Աուստրիա Վիեննային», իսկ իտալական ակումբը՝ 7։0 «Կոպենհագենին»։
Երկու ակումբները խմբային փուլում հայտնվեցին տարբեր խմբերում և առաջին տեղով դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ։ «Բարսելոնան» իր հետևում թողեց «Մոնակոյին», Մոսկվայի «Սպարտակին», ինչպես նաև «Գալաթասարային»։ Կատալոնական ակումբը խմբային փուլի ընթացքում երկու անգամ հաղթեց աստղերով լեցուն «Մոնակոյին»։
«Միլանն» իր հերթին առաջ ացնավ «Պորտուից», «Վերդերից» և բելգիական «Անդերլեխտից», սակայն, ի տարբերություն «Բարսելոնայի», որը իր 6 խաղից 4-ը հաղթեց, Ֆաբիո Կապելոյի թիմը 4-ն ավարտեց ոչ-ոքի, ընդ որում՝ այդ ոչ-ոքիներից գրանցվեց խմբի հետնապահ «Անդերլեխտի» դեմ խաղերում։ Երկու անգամ գրանցվեց 0։0 հաշիվը։
Խմբում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած ակումբները դուրս եկան կիսաեզրափակիչ։ Այն ժամանակ կիսաեզրափակիչներն անց էին կացվում մեկ հանդիպումով։ «Միալնն» ու «Բարսելոնան» նույն՝ 3։0 հաշվով առավելության հասան համապատասխանաբար «Մոնակոյի» և «Պորտուի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Այդ հանդիպման ակնհայտ ֆավորիտը «Բարսելոնան» էր, քանի որ «Միլանը» մի շարք կորուստներով էր մոտենում հանդիպմանը։ Ակումբի հիմնական երկու պաշտպանները՝ Ալեսանդրո Կոստակուրտան և Ֆրանկո Բարեզին վնասվածք ունեին, իսկ այն ժամանակ Չեմպիոնների լիգայում գործող լեգեոներների սահմանափակման պատճառով Ֆաբիո Կապելոն զրկվել էր նաև Բրայան Լաուդրուպից և Ժան-Պիեր Պապենից, սակայն այդ օրը «Միլանն» իսկական դաս տվեց «Բարսելոնային»՝ դնելով կրոյֆյան ժամանակահատվածի անկման սկիզբը։ Այդ օրը խփվեց նաև Չեմպիոնների լիգայի պատմության ամենագեղեցիկ գնդակներից մեկը, որի հեղինակը դարձավ Դեյան Սավիչևիչը։
«Միլանը» դարձավ Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, իսկ այդ հաղթանակը շատ փորձագետներ համարում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տակտիկական առումով լավագույն հաղթանակը։
# Բարսելոնա, Միլան, Յոհան Կրոյֆ, Չեմպիոնների-լիգա, Տեսադարան, Ֆաբիո Կապելո