Վճռորոշ 4 խաղերը. Կումանի աթոռը լրջորեն երերում է
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռունալդ Կումանի գլխին սև ամպեր են կուտակվել։
Ինչպես տեղեկացնում է Deportes Cuatro-ն, բացառված չէ, որ արդեն հոկտեմբեր ամսին կատալոնական ակումբը պաշտոնանկ անի հոլանդացի մասնագետին։
Սեպտեմբերին «բլաուգրանասը» դեռևս 4 հանդիպում ունի անցկացնելու` «Գրանադայի», «Կադիսի», «Լևանտեի» դեմ Լա լիգայի, «Բենֆիկայի» դեմ` Չեմպիոնների լիգայի շրջանակում։
Եթե այդ հանդիպումների ընթացքում ակումբի արդյունքները չբարելավվեն, ապա «Բարսելոնայի» նախագահ Ժոամ Լապորտան լրջորեն կմտածի Կումանին աշխատանքից հեռացնելու մասին։
«Կապտանռնագույնների» ղեկավարը ցանկանում է, որ 58-ամյա մասնագետը չշեղվի «Բարսելոնայի» փիլիսոփայությունից և հրաժարվի երեք պաշտպանով մարտավարությունից ու խաղալու հնարավորություն տա երիտասարդ ֆուտբոլիստներին` մասնավորապես Ռիկի Պուչին։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բավարիայի» դեմ կայացած խաղից հետո (0:3) Լապորտան հանդիպում է ունեցել Կումանի հետ` քննարկելով ստեղծված իրավիճակը, ինչից հետո երկրպագուների համար հանդես է եկել հայտարարությամբ.
«Ես հիասթափված եմ այնքան, որքան դուք։ Մենք սպասում էինք, որ կհայտնվենք նման իրավիճակում։
Ես խնդրում եմ, որ լինեք համբերատար։ Հուսով եմ` դուք շարունակում եք աջակցել մեր ակումբին։ Խնդրում եմ հավատացեք մեզ` այն մարդկանց, ովքեր կառավարում են ակումբը։
Մեզ պետք է ժամանակ և ձեր վստահությունը։ Կասկած մի ունեցեք, որ ստեղծված իրավիճակում լուծում կգտնենք։
Անչափ շնորհակալ եմ ձեզնից»,- գրել է Լապորտան Twitter-ի իր միկրոբլոգում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Չեմպիոնների-լիգա, Ռիկի Պուչ, Ռոնալդ Կուման