Դրամա Գդանսկում․ Վիլյառեալը բարձրանում է փառքի գագաթնակետին՝ նվաճելով Եվրոպա լիգան 🎥
Լեհաստանի Գդանսկ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Վիլյառեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ մանկունյական ակումբի ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, որի ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 64 %-ը, սակայն վերջիններիս գործողություններում չկար առանձնապես սրություն։
«Վիլյառեալն» անձնուրաց պաշտպանվեց, համբերեց և իր միակ իրական գոլային պահը վերածեց դարպասի գրավման։ 29-րդ րոպեին Դանի Պարեխոյի իրացրած տուգանային հարվածից հետո Ժերար Մորենոն բացեց խաղի հաշիվը։
Առաջին խաղակեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ «դեղին սուզանավը» աչքի ընկավ կատարած միակ դիպուկ հարվածի շնորհիվ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից սկսած՝ Օլե-Գունար Սուլշերի սաները կերպարանափոխված տեսք ունեին և մեծ ճնշում էին գործադրւմ մրցակցի վրա, ինչի արդյունքում 55-րդ րոպեին Էդինսոն Կավանիի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Երկրորդ խաղակեսում վալենսիական ակումբն իրեն բացարձակ նման չէր, իսկ «Յունայթեդը» խփած գոլից հետո էլ շարունակում էր հանդես գալ մեծ առավելությամբ․ վտանգավոր գրոհները «Վիլյառեալի» դարպասի մոտ հաջորդում էին մեկը մյուսին։
69-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը 100-տոկոսանոց գոլային պահ վատնեց․ Կավանին հարձակման աջ եզրից անգլիացի հարձակվողին դուրս բերեց հարվածային դիրք, սակայն վերջինս անչափ անհաջող գործեց՝ հարվածելով շեղ։
Այդ դրվագից հետո Ունայի Էմերիի սաները մասամբ կարողացան հանգստացնել խաղը՝ գնդակը տեղափոխելով սեփական տուգանային մատույցներից հեռու։
Այդպես մինչև 79-80-րդ րոպե, ինչից հետո «կարմիր սատանաները» կրկին միացրին շարժիչները․ ակնհայտ էր, որ անգլիական ակումբը չէր ցանկանում, որ բանը հասնի լրացուցիչ ժամանակին, սակայն «Յունայթեդին» անընդհատ չէր հերիքում դիպուկությունը։
Խաղավարտը բավական լարված ստացվեց երկու ակումբների համար էլ, սակայն հանդիպման հիմնական ժամանակում այլևս գոլեր չտեսանք, որն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
«Վիլյառեալը», որը հանդիպման երկրորդ խաղակեսում հիմնական պաշտպանվում էր, լրացուցիչ առաջին խաղակեսի մեկնարկից սկսած՝ լուրջ ճնշում էր գործադրում Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն Ալբերտո Մորենոն ու Պակո Ալկասերը վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Լրացուցիչ երկրորդ խաղակեսում էլ Ունայի Էմերիի սաներըն ունեին տարածքային և խաղային առավելություն, սակայն ակնառու էր, որ երկու թիմերն էլ արդեն հոգնած էին ու ոչինչ չէր ստացվում։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չարձանագրվեցին, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրին «Վիլյառեալի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 11։10 հաշվով։
Վճռորոշ դարձավ «Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի վրիպումը, ում հարվածից հետո «դեղին սուզանավի» դարպասապահ Խերոնիմո Ռուլին փրկեց իր թիմին։
Այսպիսով, «Վիլյառեալը» 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ հաղթելով Եվրոպա լիգան։ Իսպանական ակումբը, ընդհանրապես, առաջին անգամ է հաղթում որևէ եվրագավաթային մրցաշարում։
Հավելենք, որ «դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին իր մարզչական կարիերայի ընթացքում 4-րդ անգամ դարձավ Եվրոպա լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ-դե-Խեա, Եվրոպա-լիգա, Էդինսոն-Կավանի, Ժերար Մորենո, Խերոնիմո Ռուլի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Ունայ-Էմերի, Վիլյառեալ, Օլե-Գունար-Սուլշեր