Սևիլիան շարունակում է տպավորել որակյալ խաղով․ թիմն արդեն լավագույն եռյակում է 🎥
Շարունակվում է իսպանական Լա լիգայի 22-րդ տուրը, որի շրջանակում «Սևիլիան» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից տանտերերը խաղը թելադրողի դերում էին։ Խուլիեն Լոպետեգիի սաները գնդակին տիրելու առումով ճնշող առավելություն ունեին և ավելի հաճախ ու ավելի վտանգավոր էին գրոհում դեպի մրցակցի դարպասը, սակայն կողմերց և ոչ մեկին վիճակված չէր բացել խաղի հաշիվն առաջին խաղակեսում։
Դրվագներից մեկում 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Սևիլիայի» արգենտինացի հարձակվող Լուկաս Օկամպոսը, սակայն այն չեղարկվեց ձեռքով խաղի պատճառով։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 67-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Մունիր Էլ Հադադին, ով երկու րոպե առաջ էր փոխարինման դուրս եկել խաղադաշտ։
Հատկանշական է, որ հանդիպման 54-րդ րոպեից «Խետաֆեն» խաղում էր 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվել էր հյուրերի պաշտպան Ջենե Դակոման։
Հանդիպման վերջնամասում Լոպետեգիի սաներին հաջողվեց ևս 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ Գոլերն իրենց անվան դիման գրանցեցին Ալեխանդրո Գոմեսը և Յուսեֆ Էն- Նեսիրին՝ ձևակերպելով հանդիպան վերջնահաշիվը՝ 3։0։
Այս հաղթանակից հետո «Սևիլիան» միավորների քանակը հասցրեց 42-ի և ժամանակավորապես զբաղեցնում է Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
Հատկանշական է, որ «Սևիլիայի» տղաները ընթացիկ մրցաշրջանի բոլոր հանդիպումների կտրվածքով վերջին 7 հանդիպումներիում միայն հաղթանակ են գրանցել իրենց ակտիվում, որոնցից 5-ի դեպքում սեփական դարպասը պահել են անառիկ։
«Խետաֆեն» մնաց նախապես վաստակած 24 միավորով և գտնվում է 12-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Գոմես, Լա լիգա, Խետաֆե, Խուլիեն Լոպետեգի, Մունիր Էլ Հադադի, Յուսեֆ Էն-Նեսիրի, Սևիլիա