Բարսան գրագետ ֆուտբոլ է ցուցադրում՝ ընդհատելով Սևիլիայի հաղթարշավը Լա լիգայում🎥
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Սևիլիան» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»։
Առաջին խաղակեսն ամբողջությամբ անցավ կատալոնական ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ավելի սուր էին գրոհում և ավելի շատ էին տիրում գնդակին (58%): 29-րդ րոպեին, ի վերջո, այդ առավելությունը տվեց իր պտուղները, քանի որ «Բարսան» Ուսման Դեմբելեի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։
Ինչ վերաբերվում է «Սևիլիային», ապա առաջին կեսում անդալուսական ակումբի անվան դիմաց գրեթե բոլոր ասպեկտներում զրոներ էին։ Խուլիեն Լոպետեգիի սաները առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ որևէ հարված չկատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, ինչպես նաև չիրացրին անկյունային հարված։ «Սևիլիան» առաջին կեսում աչքի էր ընկնում միայն դեղին քարտերով՝ զգուշացվելով 4 անգամ՝ ներառյալ Խուլիեն Լոպետեգին։
Երկրորդ խաղակեսում էլ «կարմրասպիտակները» փորձում էին ինչ-որ բան առաջարկել մրցակցին, սակայն այսօր «Սևիլիայի» օրը չէր, որոնց խաղում ընդհանրապես կրակ չկար, ինչն էլ, միանշանակ, ձեռնտու էր «Բարսային»։
83-րդ րոպեին, ամեն դեպքում, «Սևիլիան» հավասարեցրեց հաշիվը, սակայն Յուսեֆ Էն-Նեսիրիի խփած գնդակը չեղարկվեց, քանի որ մարոկկացի ֆուտբոլիստը ձեռքով էր խաղացել նախքան գոլի հեղինակ դառնալը։
86-րդ րոպեին էլ հանդիպման հյուրերը հանեցին հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, քանի որ Լեո Մեսսին ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և երկրորդ փորձից գրավեց Բոնոյի պաշտպանած դարպասը։
Հավելենք, որ Լեո Մեսսին Լա լիգայի շրջանակում խփեց իր 19-րդ գնդակը և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Բարսայի» երկրորդ գոլն, ընդհանրապես, վստահություն տվեց ակումբին, որն էլ խաղը մոտեցրեց իր տրամաբանական ավարտին։
Այսպիսով, «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2։0 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ՝ ընդհատելով վերջինիս տպավորիչ հաղթարշավը Լա լիգայի շրջանակում, որը բաղկացած էր 6 անընդմեջ խաղից։
Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 53 միավոր, շրջանցեց «Ռեալին»՝ ժամանակավորապես բարձրանալով 2-րդ հորիզոնական։ Մադրիդյան ակումբի անվան դիմաց կա 52 միավոր, որն ընթացիկ տուրում իր հանդիպումը կանցկացնի մարտի 1-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
«Սևիլիան» մնաց 48 միավորով և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խուլիեն Լոպետեգի, Ուսման-Դեմբելե, Ռոնալդ Կուման, Սևիլիա