Ֆինանսական ճահիճ․ լուծում եվրոպական ֆուտբոլի առողջացման համար
Անցնող շաբաթվա ընթացքում Սուպերլիգայի գաղափարը դարձավ համար մեկ քննարկվելիք թեման ֆուտբոլում, և ինչու չէ նաև ողջ աշխարհում՝ մեր սիրելի մարզաձևը խաղադաշտից տեղափոխելով գրասենյակներ։
Այդ գաղափարին ֆուտոբլային հանրության մի մասը դեմ էր, մյուս մասը՝ կողմ։ Միանշանակ էր մեկ բան․ մենք բոլորս ուզում էինք/ենք ավելի գրավիչ տեսնել մեր սիրելի խաղը։
Մենք զերծ ենք մնում այդ գաղափարը քննադատելուց կամ գովերգելուց․ միայն կարծում ենք, որ ֆուտբոլում եկել է փոփոխությունների ժամանակը, ինչպես եղավ 1992 թվականին, երբ ստեղծվեց Չեմպիոնների լիգայի ներկայիս ձևաչափը, որը հետագայում մի քանի փոփոխություններ կրելով՝ դարձավ այնպիսին, ինչպիսին այժմ կա։
Նույնը կարելի է ասել նաև Պրեմիեր լիգայի, Եվրոպա լիգայի (ՈՒԵՖԱ-ի գավաթի), Եվրոպայի առաջնության և նույնիսկ աշխարհի առաջնության մասին։ Այս մրցաշարերը նույնպես ժամանակի ընթացքում էվոլուցիա են ապրել՝ ենթարկվելով բազմաթիվ փոփոխությունների։
Այժմ նույնպես կա արմատական փոփոխությունների կարիք։ Դուք գուցե այժմ ասեք, որ ՈւԵՖԱ -ն արդեն ընդունել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը, բայց այն ավելացնելու է միայն խաղերի քանակը, իսկ դրանից չի շահի խաղի որակը։
Սուպերլիգայի քննադատական ալիքը ծածկեց ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ահռելի բացթողումները, իսկ հիմա տպավորություն է ստեղծվում, որ ֆուտբոլային երկու գլխավոր գերատեսչությունները ուղղակի անմեղսունակ են, ինչն ամենևին այդպես չէ ։ Բավական է հիշեցնել ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի վերջին նախագահների կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու փաստը։ Այո՛, թե՛ Միշել Պլատինիին ու թե՛ Զեպ Բլատերին դեռ վաղուց մեղադրանք է ներկայացված ու հետաքննությունը դեռ շարունակվում է։
Այժմ հարց․ ինչո՞ւ ենթարկվել ՈւԵՖԱ-ին
Այս հարցն ունի շատ տրամաբանական ու պարզ պատասխան․ եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարերից շատերն անցկացվում են հենց ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո։
Բացի դրանից, ակումբներին հիմնական, քիչ թե շատ, ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը հենց ՈւԵՖԱ-ն է։ Սա ասելով՝ պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք․ ցանկացած թիմ ավելի շատ գումար կստանա հովանավորներից, հեռարձակումներից, եթե խաղա Չեմպիոնների լիգայում կամ թեկուզ Եվրոպա լիգայում։ Այստեղ սերտ համագործակցություն է․ թիմերը պետք են ՈՒԵՖԱ-ին, ՈՒԵՖԱ-ն՝ ազգային առաջնություններին, իսկ վերջիններս՝ ակումբներին։
Ֆուտբոլում ահռելի մեծ գումարներ են պտտվում, մեծ ակումբների մի մասի պարտքերը ավելանում են, ինչի հետևանքով էլ կախումը ֆինանսական բարվոք հոսք ապահովող կառույցներից ավելի է մեծանում, այդ պատճառով էլ Եվրոպայի առաջատար ակումբները դիմեցին նման հուսահատ քայլի և ձեռնոց նետեցին ՈւԵՖԱ-ին՝ ստեղծելով Սուպերլիգայի գաղափարը։
Իհարկե, այդ ամենի ավարտը բոլորիս է հայտնի՝ չնայած Սուպերլիգայի գաղափարը դեռ ողջ է։
Ի՞նչու են ակումբները պարտքեր կուտակում և ի՞նչ լուծում կա դրան
Սկսենք երկրորդ հարցադրումից։
Միանշանակ բոլորդ էլ գոնե մեկ անգամ ֆուտբոլային լրահոսում հանդիպել եք, որ մի շարք գրանդ ակումբներ ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, քանի որ նրանց պարտքերն արդեն աստղաբաշխական չափերի են հասել։
Կարծիք կա, որ, օրինակ, «Ռեալն» ու «Բարսելոնան» բավական հաջողակ ակումբներ են և նրանք չպետք է այդքան շատ պարտքեր ունենան։ Ֆլորենտինո Պերեսը վերջերս տեղի ունեցած հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց, որ «Ռեալի» բացասական սալդոն (խմբ․՝ սալդո – հաշվաապահական տերմին, որը նշում է շահույթի ու ծախսի տարբերությունը) նախորդ տարվա համեմատ կազմել է շուրջ 400 միլիոն եվրո։
Իհարկե, Դոն Ֆլորենտինոն այդ տվյալը մի փոքր կեղծեց, քանի որ «արքայական» ակումբի տարեկան պաշտոնական հաշվետվության մեջ բացասական սալդոն կազմում է մոտ 70 միլիոն եվրո, բայց այստեղ կարևորը դա չէ, այլ այն, որ ինչպես են «Ռեալը» և «Բարսելոնան» հայտնվել նման պարտքերի ճահճում։
Պատասխանը շատ հստակ է․ այդ ակումբների եկամտի մոտ 70%- ը ծախսվում է աշխատավարձերի համար, ինչն աբսուրդ է։ Աշխարհում և ոչ մի կազմակերպություն չի կարող շահույթ ունենալ, եթե նրա եկամտի 70%- ը ծախսի աշխատավարձ տալու համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային սպորտաձևերում, օրինակ, Բասկետբոլի և Հոկեյի ազգային ասոցացիաներում, ու նույնիսկ ՄԼՍ-ում ակումբների համար հաստատված է աշխատավարձերի հստակ սահմանաչափ։
Ճիշտ է՝ նման մի բան ՈւԵՖԱ-ն էլ արեց․ բարեփոխման հովանու ներքո, այսպես կոչված, ֆինանսական/տրանսֆերային ֆեյր-փլեյ կիրառեց, որը ակումբները շրջանցում են, պարզապես, ծիծաղելի թեթևությամբ։ Այժմ հարց կառաջանա․ իսկ ինչո՞ւ պետք է կիրառվի «աշխատավարձի չափ» տերմինը, եթե ֆինանսական/տրանսֆերային ֆեյր-փլեյը սկսել է ձևական բնույթ կրել։
Խնդիրն այն է, որ «աշխատավարձի չափի» կիրառումը պետք է հենց ակումբներին, որպեսզի նրանք չհայտնվեն ֆինանսական նման ծանր վիճակում կամ ընդհուպ չմոտենան սննկացման եզրին։ Օրինակ, «Ռեալը» կարող է ունենալ աշխատավարձ տալու X չափի գումար, իսկ Բարսելոնան՝ Y, ինչը նշանակում է, որ նրանց աշխատավարձի բյուջեն չպետք է անցնի այդ թվից։ Եվս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք․ ճիշտ կլինի որ այս ամենը վերահսկի ոչ թե ՈւԵՖԱ-ն, այլ մեկ ուրիշ մարմին, որը կապ չի ունենա ֆուտբոլի հետ։
Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# NBA, NHL, Բարսելոնա, Կարեն Պողոսյան, ՄԼՍ, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա, վերլուծություն, ՖԻՖԱ, Ֆլորենտինո Պերես