Սկանդալ Հոլանդիայում. Այաքսի սպորտային տնօրենն աշխատանքից ազատվել է կին գործընկերներին ոչ պարկեշտ հաղորդագրություններ ուղարկելու հետևանքով
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
Աղբյուրի փոխանցմամբ` 48-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել, քանի որ աշխատանքի երկար տարիների ընթացքում իր կին գործընկերներին մի քանի անգամ ոչ պարկեշտ հաղորդագրություններ է ուղարկել։
«Շատ ամոթ է։ Նախորդ շաբաթ ինձ հարցաքննեցին այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք կապված են իմ վարքագծի հետ։
Ցավոք, ես չեմ հասկացել, որ անցել եմ բոլոր չափերս, սակայն վերջին օրերին ես ամեն ինչ գիտակցեցի։ Հանկարծ զգացի ինչ-որ մեծ ճնշում։
Հայցում եմ բոլորի ներողամտությունը։ Անկասկած, իմ դիրքի մարդու կողմից նման պահվածքն անընդունելի է։ Այժմ ես նույնպես գիտակցում դա, սակայն արդեն ամեն ինչ ուշ է։
«Այաքսից» հեռանալուց բացի, այլ ելք չեմ տեսնում։ Այս ամենն էլ ավելի է բարդացնում ստեղծված իրավիճակը, այդ պատճառով էլ բոլորին խնդրում եմ հանգիստ թողնել ինձ և ընտանիքիս»,- Օվերմարսի խոսքերը մեջբերում է։
Հաղորդվում է, որ Մարկ Օվերմարսը հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում կայացրել է հատուկ հանձնախմբի և «Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարի հետ զրույցներից հետո։
Հավելենք, որ Մարկ Օվերմարսը «Այաքսի» սպորտային տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից։
Մարկ Օվերմարսն առավել հայտնի էր որպես ֆուտբոլիստ։ Նա 1992-1997 թթ. հանդես է եկել «Այաքսում» (191 հանդիպում, 44 գոլ և 41 գոլային փոխանցում), որի կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և 3 անգամ Էրեդիվիզիայի չեմպիոն։
Հոլանդացի նախկին եզրային հարձակվողը 1997-2000 թթ. պաշտանել է «Արսենալի» գույները (135 հանդիպում, 36 գոլ, 31 գոլային փոխանցում), որի կազմում էլ 1997/98 մրցաշրջանում դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն և Անգլիայի գավաթակիր։
Օվերմարսը 2000-2004 թթ. հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում (141 հանդիպում, 19 գոլ ու նույնքան ասիստ)։
Նախին ֆուտբոլիստը ևս 17 գոլ խփել է Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 86 հանդիպման ընթացքում։ Նա «նարնջագույնների» հետ 2000 թ. դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Արսենալ, Բարսելոնա, Էդվին վան դեր Սար, Մարկ Օվերմարս