Սկանդալ հայկական ֆուտբոլում. Փյունիկը Նոա տեղափոխված սաների մուտքն արգելել է իր ակադեմիա 📸

Սկանդալ հայկական ֆուտբոլում. Փյունիկը Նոա տեղափոխված սաների մուտքն արգելել է իր ակադեմիա 📸

16/10/2024 - 11:46

«Փյունիկի» մամուլի նախկին խոսնակ Հայկազ Մկրտչյանը սոցցանցերում հրապարակում է արել և լուսանկար հրապարակել` հայտնելով, որ ակումբը «Նոա» տեղափոխված սաների մուտքը մուտքն արգելել է իր ակադեմիա.

«Պարոնայք STOP։

Լուսանկարում «Փյունիկի» արդեն նախկին պատանի ֆուտբոլիստներ են, որոնք որոշել են իրենց կարիերան շարունակել այլ ակումբներում:
Որքան հասկացա, հիմնականում «Նոա» են գնացել ու տեղափոխության համար «Փյունիկը» ստացել է մարզումային փոխհատուցում՝ սահմանված կարգով:
Այս պատանիները, որոնք, ի դեպ, անչափահաս են, «Փյունիկում» ստացել են ոչ ցանկալի անձի կարգավիճակ: Նրանց մուտքն արգելված է ակումբի մարզաբազա՝ ինչպես տեսնում եք նկարում:

Անկեղծ` չգիտեմ ինչպես է ակումբը գնացել նման քայլի, բայց հուսով եմ, որ այս խայտառակությունը շատ շուտ կվերացվի:
Գիտեմ, որ այս գրառումը կարդալու են նաև մարդիկ, որոնք այս որոշման հեղինակներն են:
Նման քայլը դեմ է ցանկացած նորմերի ու պատիվ չի բերում «Փյունիկի» նման ակումբին»,- գրել է Մկրտչյանը։

Armsport-ը գրում է, որ փորձել է կատարվածի առթիվ կապվել «Փյունիկի» հետ, սակայն ակումբի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։

Այդուհանդերձ, Հայաստանի գործող չեմպիոնն արձագանքել է պարբերականի հարցմանը.

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեծ համախմբված ընտանիք է, իսկ մեր մարզաբազային մենք վերաբերվում ենք որպես մեր տանը, որտեղ մեր ակումբի բոլոր սաներն առանց որևէ սահմանափակումների կարող են օգտվել մարզասարքերից, խաղերից, անցկացնել անհատական մարզումներ, դիտել գլխավոր թիմի մարզումները, շփվել ֆուտբոլային աստղերի հետ և այլն:

Այն ֆուտբոլիստները, որոնք լքել են մեր ակումբը, այլևս չեն կարող ազատ մուտք ու ելք ունենալ ակումբում վերոնշյալ նպատակներով, այդ պատճառով մեր մարզաբազայի պահակակետերում նման պաստառներ են կախված: Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի և այդ հայտարարությունը կրում է միայն տեղեկատվական բնույթ:

Պաստառները կախված են ու տեսանելի այն վայրերում, որտեղ պահակները կանոնավոր հերթապահություն չեն անցկացնում»։

Armsport-ը մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել է նաև «Նոայի» զարգացման տնօրեն Աննա Օհանյանին.

«Մեզ համար անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների այսպիսի թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը. սա դուրս է բարոյական և էթիկական բոլոր նորմերի սահմաններից։ «Նոա» ֆուտբոլային ակումբը մարզիկների գրանցումն իրականացրել է իրավական գործընթացներին համապատասխան՝ վճարելով մարզումային փոխհատուցումներ։ Մենք մեր ֆուտբոլիստների համար ապահովում ենք լավագույն պայմաններ՝ լավագույն ենթակառուվածքների ստեղծման ծրագրեր, բարձրակարգ մարզչական անձնակազմ, սպորտային տեխնիկական հագեցվածություն, վարձատրություն, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ։

Մենք պատրաստ ենք մինչև վերջ աջակցելու երեխաներին և ծնողներին՝ դատական կարգով հարցի կարգավորման համար։ Իսկ ապագայում, եթե նրանք տեղափոխվեն այլ ակումբներ և գրանցեն հաջողություններ իրենց ֆուտբոլային կարիերայում, միայն կկիսենք ուրախությունն ու կհետևենք նրանց ձեռքբերումներին»,- նշել է Օհանյանը։

Իրավիճակին անդրադարձել է նաև «Փյունիկի» «Sektor 18» երկրպագուական շարժումը, որը հայտարարություն է տարածել սոցցանցերում.

«Համացանցում մեծ արձագանք է ստացել այս նկարը փակցված «Փյունիկի» ակադեմիայում, բայց կա նաև մեդալի հակառակ կողմը։

Այս նկարում 6 ֆուտբոլիստներ են, ովքեր բոլորովին վերջերս տեղափոխվել են «Նոա»։

Մեր թիմի ակադեմիայում նրանք կատարել են իրենց առաջին քայլերը, ստացել ֆուտբոլային բազա։ Ակումբը ծախսել է մեծ գումարներ ու ժամանակ այդ ֆուտբոլիստների վրա, իսկ փոխհատուցումը, որի մասին նշվում է ընդամենը կաթիլ է ծովում։ «Sektor 18» ֆան ակումբը մշտապես ցույց է տալու չոր վերաբերմունք այս ֆուտբոլիստներին։   Իրենց ընկերներին, մարզիչներին, ակումբի գույները և բոլոր փյունիկցիներին դավաճանած ֆուտբոլիստները չեն կարող ստանալ ջերմ վերաբերմունք, ձեզ «Փյունիկում» չեն սպասում»,- նշված է հայտարարության մեջ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023