Ճոխ ֆուտբոլային գիշերվա սպասումներով․ ՉԼ կիսաեզրափակիչ «Սիթի» – «Փարիզ»
Այսօր տեղի է ունենալու աշխարհի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/2 եզրափակչի պատասխան հանդիպումներից մեկը․ «Սիթի» – «Փարիզ»՝ «Մանչեսթեր օֆ Ստեդիում» մարզադաշտում։ Հիմա գուցե շատերդ ասեք, որ «Մանչեսթեր Սիթիի» մարզադաշտի անվանումը այլ կերպ է, այո, բայց ՈՒԵՖԱ -յի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում արգելվում է կիրառել՝ հովանավորչական նկատառումներից ելնելով մարզադաշտերի փոփոխված անվանումները, դրա համար, ոչ թե «Էթիհադ», այլ «Մանչեսթեր Օֆ Ստեդիում»։
Փարիզյան ակումբը կարող է կրկնել իր անցյալ տարվա նվաճումը և դուրս գալ եզրափակիչ, իսկ անգլիական ակումբի համար նման ձեռքբերումը առաջինը կարող է լինել պատմության մեջ։
ՊՍԺ
Սկսած 1970-1971թվականների եվրոգավաթների մրցաշարերից, իսկ դա կազմում է մոտ 378 փլեյ -օֆֆ հանդիպում, միայն 7% դեպքերում է հաջողվել սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտություն կրած թիմին անցնել հաջորդ փուլ։ Այս վիճակագրական տվյալը էլ ավելի անհնարին է դարձնում Փարիզի հնարավորությունը, բայց ինչպես Պոչետինոն ասաց նախախաղային ասուլիսի ժամանակ՝ «մենք ունենք հստակ նպատակ և պետք է Սիթիին զրկենք գնդակից»։
Բացի դրանից, Նեյմարը ու թիմը սովոր են Անգլիայում հաղթանակներ տանելուն․ և՛ Մանչեսթեր Յունաթեդը (երկու անգամ) (1-3), և՛ Չելսին (1-2)։ Ֆրանսիական հեղինակավոր «L’Elquipe» -ի հարցումների համաձայն փարիզյան ակումբի երկրպագուների 90% -ը հավատում են, որ իրենց սիրելի թիմը կանցնի «Մանչեսթեր Սիթիի» արգելքը։
ՊՍԺ-ի կազմում որակազրկման հետևանքով հանդիպումը բաց կթողնի Գուայեն, ով անցյալ խաղի ժամանակ հեռացվեց խաղադաշտից։ Բացի դրանից հարցականի տակ է Մբապեի մասնակցությունը, չնայած Պոչետինոն երկիտասարդ ֆրանսիացուն ու մի շարք հիմնական կազմի ֆուտբոլիստների հանգիստ էր տվել Ֆրանսիայի առաջնության «Լենսի» դեմ խաղում։
Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է Մաուրիսիո Պոչետինոյի թիմը փորձում զրկել գնդակից «Մանչեսթեր Սիթիին», ինչի մասին արգենտինացի մարզիչը ասել էր նախախաղային ասուլիսի ժամանակ։ Հնարավոր է, որ Փարիզը խաղա, ոչ թե 4-3-1-2, այլ 4-3-3 դասավորությամբ, ինչը բավականին ռիսկային կլինի։ Կգնա՞ նման ռիսկի արգենտինացի մարզիչը․․․ ամեն դեպքում ֆրանսիական ակումբը Պոչետինոյի գլխավորությամբ Չեմպիոնների Լիգայի բոլոր փլեյ-օֆֆ պատասխան հանդիպումներին մոտեցել է առավելությամբ, և մրցակցին է պետք եղել գրոհել ու ետ բերել կորցրածը, այս խաղում լրիվ հակառակ պատկերն է և միանշանակ 4-4-2 բլոկային պաշտպանության դեպքում Փարիզը չի կարող հաղթանակ ակնկալել, հատկապես, երբ Պեպ Գվարդիոլայի թիմը առաջին հանդիպման երկրորդ կեսում սկսեց այլ կերպ դիմել պրեսինգի և գրոհել։
Մանչեսթեր Սիթի
Առաջին հանդիպման ժամանակ ՊԵպ Գվարդիոլայի թիմը առաջին խաղակեսում չափազանց մեծ զգուշավորություն էր դրսևորում։ Մանչեսթեր Սիթին պետք է վերադասավորվեր 4-2-4 պրեսինգի համար, սակայն այն համակարգված չէր և բոլորը մնում էին իրենց նախնական դիրքերում, երկորդ կեսում Գվարդիոլան այն փոխեց։ Այս Սիթիի նրբություններից մեկը նաև այն է, որ հարձակման և ոչ մի ֆուտբոլիստ իր դիրքում չի խաղում, բոլոր կեղծ դիրքերով են հանդես գալիս, իսկ առաջին հանդիպման առաջին կեսում նման բան չկար։ Հետաքրքիր կլինի տեսնել, արդյո՞ք, «Սիթին» այս խաղում էլ զգուշավորությամբ հանդես կգա, թե՞ անմիջապես կխաղա ուժի տեսանկյունից:
Պատասխան խաղից առաջ Պեպ Գվարդիոլան ասաց, որ սա պատմական պահ է «Մանչեսթեր Սիթիի» համար, քանի որ անգլիական ակումբը առաջին անգամ իր պատմության մեջ կարող է դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։
«Քաղաքաբնակներն» էլ մի շարք ֆուտբոլիստների հանգիստ են տվել այս խաղից առաջ, այնպես որ մեզ իսկական մարտ է սպասվում։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր ուժը պրեսինգն է և իրավիճակին տիրելը, սա շատ կարևոր հանգամանք է, և մեկը մյուսի հետ անմիջական կապ ունի, առաջին խաղի առաջին կեսում երկու թիմերն էլ ուղղակի մոռացել էին պրեսինգի մասին, ինչը միանշանակ փարիզյան ակումբի օգտին էր։ Պատասխան հանդիպումից առաջ երկու հարցեր են արդիական․ Գվարդիոլայի թիմը կսկսի ինչպես առաջին հանդիպմսն առաջին կեսը, թե՞ երկրորդ, և Պոչետինոն ինչպե՞ս է պատրաստվում զրկել գնդակից «Մանչեսթեր Սիթիին»։
Ինչ կարող է անել Մոուրիսիո Պոչետինոն
Արգենտիանցին ուղղակի պետք է համոզի, խնդրի, չգիտեմ էլ ինչ միջոցներ կիրառի, որպեսզի Նեյմարը ամբողջ 90 րոպեների ընթացքում չկորցնի դիրքը և Վերատիի, Պարադեսի կամ Դանիլո Պերեյրայի մոտ լինի միշտ ռոմբ (քառակուսի կամ վատագույն դեպքում՝ եռանկյունի) կազմելու համար, սա միջոցներից մեկն է գնդակի վերահսկումը գոնե ժամանակ առ ժամանակ ապահովելու համար։
Բացի դրանից, Փարիզյան ակումբը պետք է ավելի ակտիվ ու բարձր դիմի պրեսինգի․ տեսեք այս նկարում ինչքան ցածր ու պասիվ են Նեյմարն ու Մբապեն, բայց հենց իրենք պետք է ճնշում գործադրեն Սիթիի գրոհի առաջին փուլում։
Կիմպեմպշբեն ու Մարկինյոսը պետք է ավելի ակտիվ ու ներդաշնակ «խանգարեն» Կևինին ու Ֆոդենին։ Սա բավակնին բարդ է իրագործել Պեպ Գվարդիոլայի թիմի դեմ, քանի որ նրանք բոլորը, ինչպես նշել էի, կեղծ դիրքերով են հանդես գալիս, օրինակ Ֆոդենի փոխարեն կարող է այդ դիրքում հայտնվել Բեռնարդու Սիլվան, իսկ անգլիացին ծանրաբեռնի եզրերից մեկը և այդպես շարունակ, բայց եթե եզրափակիչ ես ուզում, պետք է անել անհնարինը։
Ինչ կարող է անել Պեպ Գվարդիոլան
Նախ չպետք է «հեծանիվ» հնարել։ Ամեն անգամ, երբ Մանչեսթեր Սիթին հասնում է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ, կատալոնացի մարզիչը սկսում է նոր մտքերով ծանրաբեռնել իր խաղացողներին։ Ամենաթարմ օրինակը անցյալ տարվա Լիոնի դեմ 1/4 եզրափակիչ հանդիպումն էր, որ Գվարդիոլան որոշեց հանկարծ առաջին անգամ ամբողջ մրցաշրջանում խաղալ 5 պաշտպաններով , քանի որ, ինչպես ինքը խաղից հետո ասաց, ցանկանում էր պաշտպանների արանքում խտություն ապահովել, այդպիսով չեզոքացնելով Լիոնի գրոհների վտանգը։
Թե ինչ եղավ արդյունքում, բոլորս էլ լավ հիշում ենք։
Շատ գործոններ կան, որոնք կարող են ազդել այս հակամարտության վերջնական ելքի վրա, նման մակարդակի մրցաշարում մանրուքներ չեն լինում։
Վերջիվերջո, երկու թիմերի տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիարդը․ այնպես որ, պարոնա՛յք, ապահովեք մեզ ճոխ՝ մեկ միլիարդանոց ֆուտբոլային գիշերով այսօր՝ «Սիթի» – «Փարիզ» ․ Երևանի ժամանակով 23։00-ին։
Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կարեն Պողոսյան, Մանչեսթեր-Սիթի, Մաուրիսիո-Պոչետինո, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, ՊՍԺ, վերլուծություն