Սիթին ու Յունայթեդը վերջապես հաղթում են 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտորնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։
Պեպ Գվարդիոլայի սաները ԱՊԼ-ի շրջանակում կայացած երկու խաղերում հաղթանակ չէին տարել և վերջապես նրանց հաջողվեց կոտրել սառույցը։ «Քաղաքաբնակները» 23-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին 1։0 հաշվով։
«Մանչեսթեր Սիթին» անցկացրած 4 խաղից հետո վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ «Արսենալը» 9 միավորով 5-րդն է, սակայն մեկ խաղ ավել է անցկացրել։
Մանկունյական մյուս ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», նախքան հավաքականների խաղերով պայմանավորված դադարը սեփական հարկի տակ 1։6 հաշվով խայտառակ պարտություն էր կրել «Տոտենհեմից» և ուշքի գալու կարիք ուներ, ինչից էլ Օլի-Գունար Սուլշերի սաները օգտվեցին։
«Կարմիր սատանաները» 5-րդ տուրի շրջանակում հյուրընկալվել էին «Նյուքասլին»։ Հանդիպումը բավականին լավ սկսվեց տանտերերին համար, քանի որ 2-րդ րոպեին Լյուկ Շոուն գրավեց սեփական դարպասը, սակայն 23-րդ րոպեին Խուան Մատայի իրացրած անկյունային հարվածի իրացումից հետո Հարի Մագուայերը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը։
58-րդ րոպեին «Յունայթեդը» վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք․ գնդակին մոտեցավ Բրունո Ֆերնանդեշը, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստի հարվածից հետո «կաչաղակներին» փրկեց Կարլ Դարլոուն։
Մանկունյական ակումբը խաղի մեծ մասում ակնհայտ առավելություն ուներր և, ի վերջո, 86-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ․ աչքի ընկավ նույն Ֆերնանդեշը։
Խաղը սպասվածից խոշոր հաշվով ավարտվեց, քանի որ 90 և 90+6-րդ րոպեներին համապատասխանաբար Արոն Վան-Բիսական և Մարկուս Ռեշֆորդը մեկական անգամ ևս գրավեցին մրցակցի դարպասը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Այսպիսով, «Յունայթեդը» վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը, իսկ «Նյուքասլը» 7 միավորով 11-րդն է։
# ԱՊԼ, Արոն Վան Բիսակա, Արսենալ, Բրունո Ֆերնանդեշ, Լյուկ Շոու, Կարլ Դարլոու, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մարկուս-Ռեշֆորդ, Նյուքասլ, Ռահիմ-Սթերլինգ