Սիթին մրցակիցներ չի ճանաչում․ Պեպի թիմը մեկ շնչով դուրս եկավ 1/4 եզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում, որն, ի դեպ, նույն մարզադաշտում էր կայացել, «քաղաքաբնեկները» երկու գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։
Հանդիպումը չափազանց ակտիվ սկսեցին անգլիական ակումբի տղաները և արդեն 7-րդ րոպեին կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն Ֆիլ Ֆոդենի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը թույլ ստացվեց․ գնդակին հեշտությամբ տիրեց «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերը։
5 րոպե անց աչքի ընկնելու իր հնարավորությունից օգտվեց արդեն Կևին Դե Բրոյնեն, ով փոխանցում ստացավ Ռիյադ Մարեզից և հեռու տարածությունից դիպուկ հարվածով դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը։
Մանկունյական ակումբի հաջորդ իսկ վտանգավոր գրոհը (18-րդ րոպե) նույնպես ավարտվեց դարպասի գրավմամբ․ այս անգամ Ֆոդենը հարվածային դիրք դուրս բերեց Իլկայ Գյունդողանին, ով դիպուկ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Մինչև առաջին խաղակեսի ավարտ Պեպ Գվարդիոլայի սաները կարող էին էլ ավելի մեծացնել իրենց առավելությունը, սակայն գոլային պահ բաց թողեցին նաև Մյունխենգլադբախից ժամանած հյուրերը։
Այսպիսով, հաշիվը մնաց անփոփոխ, իսկ կողմերն ընդմիջման գնացին «Սիթիի»՝ երկու գնդակի առավելությամբ։
Երկրորդ խաղակեսը կողմերը մեկնարկեցին համեմատաբար ավելի հանգիստ տեմպով, քանի որ գործնականում դիմակայության ելքն արդեն վճռված էր։ «Մանչեսթեր Սիթին» վերահսկում էր գնդակի տեղաշարժը, և մերթընդմերթ գրոհներ զարգացնում, իսկ Մարկո Ռոզեի տղաների մոտ գրեթե չէր ստացվում սպառնալ Էդերսոնին դարպասի գրավմամբ։
Առաջին խաղակեսում խփված գոլերը վճռորոշ էին այս խաղում հաղթողին որոշելու համար։ Գվարդիոլայի տղաները հաղթեցին «Բորուսիա Մյունխենգլադբախին» նույն հաշվով, ինչ դիմակայության առաջին խաղում։
Այսպիսով, երկու խաղերի արդյունքում «Սիթին» հաղթում է 4։0 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակչում, իսկ Ռոզեի սաներին այդպես էլ չի հաջողվում արժանի մրցակցություն ցույց տալ ահեղ մրցակցին․ նրանք լքում են պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Էդերսոն, Իլկայ Գյունդողան, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Մարկո Ռոզե, Յան Զոմեր, Չեմպիոնների-լիգա, Պեպե Բորդալաս, Ռիյադ Մարեզ, Ֆիլ Ֆոդեն