Սիթին անկասելի է․ Գվարդիոլայի թիմը հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ է ներկայացնում 🎥

Սիթին անկասելի է․ Գվարդիոլայի թիմը հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ է ներկայացնում 🎥

25/02/2021 - 01:52

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»։

Հանդիպման հենց մեկնարկից «Սիթիի» ֆուտբոլիստները, կարելի է ասել, գնդակից զրկել էին տանտերերին, վերահսկում էին խաղը և վտանգավոր գրոհներով սպառնում դարպասի գրավմամբ։

Պեպ Գվարդիոլայի նման մարտավարությունը շուտով տվեց ցանկալի արդյունք։ Հանդիպման 29-րդ րոպեին Ժոաու Կանսելուի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ հյուրերի պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան՝ բացելով հանդիպման հաշիվը։

Ընդհանրապես, խոսելով առաջին խաղակեսի մասին՝ միանշանակ, պետք է արձանագրել, որ այն անցավ մանկունյական ակումբի բացահայտ առավելությամբ, իսկ«Բորուսիայի» անվան դիմաց գրեթե բոլոր ասպեկտներում միայն զրոներ էին։

Կողմերն ընդմիջման գնացին 0։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում հյուրերը կրկին խաղը թելադրողի դերում էին և հանդիպման 65-րդ րոպեին հերթական գրոհը պսակեցին գոլով։ Բերնարդու Սիլվան այս անգամ գոլային փոխանցում կատարողի դերում էր, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց «Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։

Մինչև խաղի ավարտն ազդարարող սուլիչի ձայնը մանկունյական ակումբի տղաները կարող էին 3-րդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը սպանելով դիմակայության ինտրիգը, սակայն 78-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենը նպաստավոր դիրքից բարձր հարվածեց։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում դարպասի գրավում այլևս չարձանագրվեց։ Դիմակայության առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով առավելության հասավ «Բորուսիա Մյունխենգլադբախի» նկատմամբ։ Ի դեպ, այս հաղթանակը 19-րդն էր անընդմեջ բոլոր հանդիպումների շրջանակում։

Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023