Սաուդյան Արաբիան 21-րդ դարում առաջին անգամ ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խոշոր մրցաշար կընդունի
Աշխարհի ակումբային առաջնության 2023 թ. խաղարկությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հայտնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի Twitter-ի պաշտոնական էջը, նման որոշում կայացրել է ՖԻՖԱ-ի խորհուրդը, իսկ մրցաշարը կանցկացվի 2023 թ. դեկտեմբերի 11-22-ը։
Սաուդյան Արբիայի Սպորտի նախարար, արքայազն Աբդել Ազիզ բին Թուրքի Ալ Ֆեյսալը խոսել է այդ մասին.
«Սա մեզ համար մեծ պատիվ է։ Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք ողջունել աշխարհի առաջատար ֆուտբոլային ակումբներին և նրանց երկրպագուներին Սաուդյան Արաբիայում։
Սա ևս մեկ կարևոր քայլ է երկրում ֆուտբոլը վերափոխելու մեր ճանապարհին: Հավատում եմ, որ բոլորը կնկատեն այն անհերքելի առաջընթացը, որը մենք ունենք բազմաթիվ ոլորտներում։
Այս ամենը շատ բան է նշանակում մեր ազգի համար, քանի որ 35 տարեկանից ցածր բնակչության 70%-ը պարզապես խելագարվում է ֆուտբոլի համար»,- նշել է նախարարը։
Նշենք, որ Սաուդյան Արաբիան 21-րդ դարում առաջին անգամ ընդունելու է ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խոշոր մրցաշար։
Հավելենք, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է Եգիպտոսի և Հունաստանի հետ համատեղ հայտ ներկայացնել` ԱԱ-2030-ն անցկացնելու համար։
Հիշեցնենք, որ վերջերս Մարոկկոյում կայացած աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 5:3 հաշվով հաղթեց հենց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»` դառնալով մրցաշարի հնգակի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի ակումբային առաջնություն, ՖԻՖԱ