Ռոնալդուն չի մասնակցի Յունայթեդի շրջագայությանը. նրա ապագան մշուշոտ է

Ռոնալդուն չի մասնակցի Յունայթեդի շրջագայությանը. նրա ապագան մշուշոտ է

09/07/2022 - 16:03

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մեկնելու են Թաիլանդ և Ավստրալիա` մասնակցելու ակումբի շրջագայությանն ու ուսումնամարզական հավաքին։

Հայտավորվել են հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ – Դավիդ դե Խեա, Թոմ Հիթոն, Նաթան Բիշոպ, Մատեյ Կովարժ

Պաշտպաններ – Էրիկ Բայի, Դիոգո Դալոտ, Իթան Լերդ, Վիկտոր Լինդելյոֆ, Հարի Մագուայեր, Տիրել Մալասիա, Լյուկ Շոու, Ալեքս Տելես, Աքսել Տուանզեբե, Արոն Վան-Բիսակա, Ռաֆայել Վարան

Կիսապաշտպաններ – Ամադ Դիալո, Բրունո Ֆերնանդեշ, Ֆրեդ, Ջեյմս Գարներ, Հանիբալ Մեժբրի, Զիդան Իքբալ, Սքոթ Մաքթոմինայ, Ֆակունդո Պելիստրի, Չարլի Սևիջ, Դոնի վան դե Բեկ

Հարձակվողներ – Թայիթ Չոնգ, Էնթոնի Էլանգա, Ալեխանդրո Գարնաչո, Անտոնի Մարսիալ, Մարկուս Ռեշֆորդ, Ջեյդոն Սանչո

Հայտացուցակից բացակայում է «կարմիր սատանաների» գոլահար Կրիշտիանու Ռոնալդուն, ում, ըստ մանկունյական ակումբի տարածած պաշտոնական հայտարարության, տրվել է լրացուցիչ հանգիստ` ընտանեկան խնդիրները կարգավորելու համար։

Այդուհանդերձ, ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալացի ֆուտբոլիստը լրիվ այլ պատճառով է բաց թողնելու ակումբի շրջագայությունը։

Բանն այն է, որ 37-ամյա հարձակվողը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» ու դժգոհ է ակումբի ամբիցիաներից և տրանսֆերային քաղաքականությունից։

Աղբյուրի փոխանցմամբ` դեռևս օրեր առաջ Ռոնալդուն «կարմիր սատանաների» ղեկավարությանը նշել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից և խնդրել է դիտարկել իր տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, եթե այդպիսիք լինեն։

Բացի դրանից, Ռոնալդուն ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում, իսկ «Յունայթեդը» 2021/22 մրցաշրջանի արդյունքներով չկարողացավ նվաճել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու իրավունք ու հանդես է գալու Եվրոպա լիգայում։

Հաղորդվում է, որ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպումներ է ունեցել «Բավարիայի» ու «Չելսիի» ղեկավարության հետ` քննարկելով պորտուգալացի ֆուտբոլիստի` այդ ակումբներ հավանական տեղափոխության հարցը, սակայն դեռևս որևէ էական փոփոխություն չկա 37-ամյա հարձակվողի ապագայում։

Կան տեղեկություններ, որ Մենդեշը հանդիպել է նաև «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։

Նշվում էր, որ «բլաուգրանան» պատրաստ է պայմանագիր առաջարկել CR7-ին և հետաքրքրված է նրա ծառայություններով։

Պորտուգալացի ֆուտբոլիստի ապագան կապում են նաև «Ռոմայի» ու «Նապոլիի», սակայն այդ գործարքների իրականացումը քիչ հավանական է։

Դրան զուգահեռ, մանկունյական ակումբը մտադիր չէ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Ռոնալդուին, քանի որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը պատրաստվում է թիմի խաղը կառուցել հենց պորտուգալացու շուրջ։

Հիշեցնենք, որ 2021 թ. ամռանը Կրիշտիանու Ռոնալդուն 12 տարի անց վերադաձավ «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում մինչ օրս 329 հանդիպում` դառնալով 142 գոլի և 71 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023