Ռոնալդուն կրկին ցույց է տալիս իր բարձր կարգը 🎥
Իտալական Ա սերիայում ավարտվեց 15-րդ տուրը։ Տուրի վերջին հանդիպման շրջանակում առաջնության վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Ուդինեզեի» դեմ։
Անդրեա Պիռլոյի սաները բավական վստահ տեսք ունեին և հաղթեցին 4։1 հաշվով։ Հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ․ պորտուգալացի ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել նաև Ֆեդերիկո Կիեզային։
Հավելենք, որ Կրիշը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղում խփել է 14 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը՝ մոտակա հետապնդող Ռոմելու Լուկակուին գերազանցելով երկու գոլ։
Խաղավերջում «Ուդիենեզեին» հաջողվեց մի փոքր մեղմել հաշիվը․ 90+1- րդ րոպեին աչքի ընկավ Մարվին Զեգելարը, սակայն հանդիպման վերջին խոսքը, ի վերջո, ասացին թուրինցիները, քանի որ 90+4-րդ րոպեին Պաուլո Դիբալան ձևակերպեց հաշվի վերջնական տեսքը՝ 4։1։
Այսպիսով, «Յուվենտուսը» վաստակեց 27 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։ Թուրինյան ակումբն առաջնության առաջատար «Միլանին» ներկա պահին զիջում է 10 միավոր, սակայն, «բյանկոներիները» մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել։ «Ուդինեզեն» 15 միավորով 13-րդն է։
# Ա-սերիա, Անդրեա Պիռլո, Կրիշտիանու-Ռոնալդու, Միլան, Յուվենտուս, Ուդինեզե, Պաուլո-Դիբալա, Ֆեդերիկո Կիեզա