Ինչո՞ւ էր Ռոնալդոն Օխ-96-ին մասնակցում «Ռոնալդինիո» անունով🎥
Բրազիլական ու ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն օլիմպիական խաղերին մասնակցել է միայն մեկ անգամ` 1996 թ. Ատլանտայում, սակայն հետաքրքիրն այն է, որ այդ մրցաշարին նա հանդես չէր գալիս իր հանրահայտ անունով, այլ մարզաշապիկին գրված է եղել «Ռոնալդինիո»։ Այո՛, այո՛, դուք ճիշտ կարդացիք։
Ռոնալդո, «Ֆենոմեն», «Ատամիկ», «R9»։ Այս անուններից յուրաքանչյուրը բոլորն են հիշում, քանի որ խոսքն իր սերնդի լավագույն հարձակվողներից և, միգուցե, նույնիսկ ողջ պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի մասին է, սակայն քչերը գիտեն, որ Բրազիլիայի հավաքականում կարիերայի մեկնարկում Ռոնալդոն հայտնի չէր իր անունով, այլ նրա մարզաշապիկին գրվում էր «Ռոնալդինիո»։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։
1996 թ., Ատլանտա։ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո երկու տարի անց վերադարձել էր ԱՄՆ (խմբ.` 1994 թ. բրազիլիացիներն ԱՄն-ում կայացած աշխարհի առաջնությունում դարձել են չեմպիոն)։
Բրազիլիայի օլիմպիական հավաքականում այդ ժամանակ տոն էին տալիս բազմաթիվ երիտասարդ աստղեր. Դիդա, Ռոբերտո Կառլոս, Ռիվալդո, Սավիո, Ժունինիո Պաուլիստա և այլք։ Բացի վերոնշյալ ֆուտբոլիստներից, Ատլանտա էին մեկնել նաև երկու աշխարհի չեմպիոններ` Բեբետոն ու Ռոնալդոն։
Երիտասարդ «Ատամիկը» Մունդիալ-94-ին գեթ մեկ րոպե չի անցկացրել դաշտում, ինչի պատճառով բրազիլացիների այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պարեյրան մեկ անգամ չէ քննադատվել, սակայն Ատալանտա-1996-ին Ռոնալդոն արդեն Բրազիլիայի հավաքականի անբաժանելի մասն էր և ամենավառ ֆուտբոլ ցուցադրող երիտասարդներից մեկը։
Ճիշտ է` եթե Եվրոպայում նրան ճանաչում էին որպես Ռոնալդո, ապա Ատլանտայում կայացած օլիմպիական խաղերին ապագա լեգենդը մասնակցում էր «18» համարի մարզաշապիկով, իսկ նրա թիկունքին գրված էր «Ռոնալդինիո»։
Այդ ժամանակ Ռոնալդոն ոչ միայն չէր վաստակել իր ֆիրմային «9» համարը, այլև անունը։ Ամեն ինչ սկսվել է դեռ 1994 թվականի աշխարհի առաջնությունից, երբ Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում հայտնվեց «Սան Պաուլոյի» պաշտպան Ռոնալդոն, իսկ 17-ամյա «Ատամիկը» թիմի ներսում ստացավ «Ռոնալդինիո» անունը, ինչը կարելի է թարգմանել որպես «փոքրիկ Ռոնալդո»։
Նույնը կրկնվեց նաև Ատլանտա-96-ին, երբ Բրազիլիայի օլիմպիական հավաքականի հայտացուցակում ընդգրկվեց նաև «Ատլետիկո Մինեյրոյի» պաշտպան Ռոնալդո Գուայրոն։ Վերջինս 2 տարով մեծ էր ապագա «Ֆենոմենից», ինչի պատճառով «Ռոնալդո» անունն ստացավ հենց նա, իսկ «իրական» Ռոնալդոն հանդես եկավ «Ռոնալդինիո» անունով։
1996-ի օլիմպիական խաղերին ՊՍՎ-ի երիտասարդ հարձակվողը փայլեց` խփելով 5 գոլ։ Նրանից շատ աչքի ընկան միայն Բեբետոն ու Էրնան Կրեսպոն, որոնց ակտիվում կար 6-ական գոլ։
Բրազիլացիները մրցաշարի մեկնարկային խաղում 0:1 հաշվով անսպասելի պարտություն կրեցին Ճապոնիայից, սակայն հետագայում ուշքի եկան ու հաղթեցին Հունգարիային (3:1) և Նիգերիային (1:0)` առաջին տեղով դուրս գալով 1/4 եզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում «դեղիններն» առանց որևէ լուրջ խնդիրների 4:2 հաշվով կոտրեցին Գանայի դիմադրությունը, իսկ այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդոն.. ներեցեք, «Ռոնալդինիոն»։
Կիսաեզրափակիչի շրջանակում Բրազիլիան կրկին հանդիպեց Նիգերիային։ Հանդիպման 38-րդ րոպեի դրությամբ հարավամերիկացիները հաղթում էին արդեն 3:1 հաշվով, սակայն 78-րդ րոպեին նախ Վիկտոր Իկբեպան կրաճտեց, ապա 90-րդ րոպեին Նվանկվո Կանուն հավասարեցրեց հաշիվը` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
94-րդ րոպեին նույն Կանուն խփեց «ոսկե գոլ» և Նիգերիայի հավաքականին դուրս բերեց եզրափակիչ, որի շրջանակում էլ նիգերիացիները 3:2 հաշվով հաղթեցին Արգենտինային` դառնալով օլիմպիական չեմպիոն։
Երրորդ տեղի համար խաղում բրազիլացիներն իրենց մուռը հանեցին Պորտուգալիայի օլիմպիական հավաքականից` ջախջախելով 5:0 հաշվով։ Այդ խաղի հաղթական մեկնարկը դրեց հենց Ռոնալդոն։
Դեռ օլիմպիական խաղերի ընթացքում` 1996 թ. հուլիսի 16-ին, Ռոնալդո Լուիս Նազարիո դե Լիման այն ժամանակվա համար բավական խոշոր գումարի` 15 մլն եվրոյի դիմաց ՊՍՎ-ից տեղափոխվեց «Բարսելոնա», իսկ 1997 թ. տարեվերջին, երբ նա արդեն «Ինտերի» կազմում էր փայլում, առաջին անգամ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր, և ողջ աշխարհը նրան վերջնականապես ճանաչեց ու հիշեց որպես ՌՈՆԱԼԴՈ։
Եվ այդ ամենը կարելի է համարել կատարյալ լուծում. չէ՞ որ հետագայում պետք է այլ անուն մտածեինք բրազիլացի մեկ այլ կախարդի` Ռոնալդինիոյի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-1994, Ատլանտա-1996, Բեբետո, Բրազիլիայի հավաքական, Բրազիլիայի օլիմպիական հավաքական, Էրնան Կրեսպո, Կառլոս Ալբերտո Պարեյրա, Մունդիալ-1994, Նիգերիայի հավաքական, Ռոնալդինիո, Ռոնալդո, Օլիմպիական_խաղեր