Ա սերիայում Ռոմայի խնդիրները շարունակվում են․ Նապոլին որևէ հնարավորություն չտվեց🎥
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Նապոլիին»։
Առաջին խաղակեսում նեապոլիտանական ակումբը տարածքային շոշափելի առավելություն ուներ, որի ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան։
Նախ 27-րդ րոպեին Դրիստ Մերտենսը տուգանային հարվածի իրացումից հետո դարձավ բավական գեղեցիկ գոլի հեղինակ, ապա 34-րդ րոպեին բելգիացի հարձակվողը ևս մեկ գնդակ ուղարկեց «գայլերի» դարպասը՝ օգտվելով Մատիա Պոլիտանոյի՝ գլխով կատարած փոխանցումից։
Հատկանշական է, որ Դրիս Մերտենսը «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկուն է և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրած 349 խաղում դարձել է 133 գոլի հեղինակ։
Առաջին կեսում հռոմեական ակումբը գրեթե ոչինչ չառաջարկեց մրցակցին։ Կարելի է հիշատակել միայն Բրայան Քրիստանտեի դրվագը, սակայն իտալացի պաշտպանի հարվածից հետո «Նապոլիին» փրկեց Դավիդ Օսպինան։
Կողմերն ընդմիջման գնացին «Նապոլիի»՝ երկու գնդակի առավելությամբ։
Երկրորդ խաղակեսը հիմնականում հավասար պայքարում էր մեկնարկել, սակայն 61-րդ րոպեին Պաուլո Ֆոնսեկայի սաները քիչ էր մնում մեկ գնդակ հետ բերեին, բայց Լորենցո Պելեգրինիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Երկրորդ խաղակեսում տանտերերն ավելի լավ տեսք ունեին, քան առաջին խաղակեսում, սակայն «Ռոմայի» խաղում առանձնապես սրություն չկար, իսկ Ջենարո Գատուզոյի թիմը բավական հաջող ու գրագետ էր պաշտպանվում։
Ամեն դեպքում, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, և Դրիս Մերտենսի դուբլը «Նոպոլինն» հաղթանակ պարգևեց 2։0 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 53 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ատալանտային» զիջելով 2 միավոր, սակայն նեապոլիտանական ակումբը մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։
«Ռոման» էլ 50 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Դրիս Մերտենս, Լորենցո Պելեգրինի, Մատիա Պոլիտանո, Նապոլի, Պաուլու Ֆոնսեկա, Ջենարո Գատուզո, Ռոմա