Ռոմայի նախկին պաշտպանի սարսափելի խախտումը մրցակցի դարպասապահի հետ պայքարում🎥
Բրազիլական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Վակսո դա Գաման» ու «Բաիան» չպարզեցին հաղթողին՝ հանդիպումն ավարտելով 0։0 հաշվով։
Գոլազուրկ ու անշուք հանդիպումը «զարդարեց» հանդիպման 75-րդ րոպեին գրանցվաց կանոնների սարսափելի խախտումը։
«Վասկոյի» ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, որի խաղարկումից հետո կարողացան դառնալ գոլի հեղինակ, սակայն նախքան գնդակը կհայտնվեր դարպասում, տանտերերի կենտրոնական պաշտպան Լեանդրո Կաստանը պարզապես նոկաուտի ենթարկեց «Բաիայի» դարպասապահ Դուգլաս Ալան Ֆրիդրիխին՝ «բաց» ոտքով ուղիղ հարված հասցնելով նրա դեմքին։
Խփված գոլը, բնականաբար, չեղարկվեց, իսկ հանդիպման գլխավոր մրցավար Վիլթոն Սամպայոն մոտ 5 րոպե դիտում էր դրվագի կրկնապատկերը, ինչից հետո 34-ամյա պաշտպանին հեռացրեց խաղադաշտից։
Խաղից հետո «Բաիայի» դարպասապահը լուսանկար էր հրապարակել սոցցանցերում, որտեղ ակնհայտ երևում են հարվածի վատ հետևանքները։
Հիշեցնենք, որ Լեանդրո Կաստանը 2012-2018 թթ․ հանդես է եկել «Ռոմայի» կազմում, սակայն այդ ընթացքում վարձավճարով խաղացել է նաև «Սամպդորիայի», «Տորինոյի» ու «Կալյարիի» կազմում, իսկ 2018 թ․ ազատ գործակալի կարգավիճակով համալրել է «Վասկո դա Գամայի» շարքերը։
Այդ 6 տարիների ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստը «գայլերի» կազմում անցկացրել է ընդամենը 81 հանդիպում և խփել 1 գոլ։
# Բաիա, Բրազիլական Ա սերիա, Դուգլաս Ալան Ֆրիդրիխ, Լեանդրո Կաստան, Ռոմա, Վասկո դա Գամա