ՕԽ. Ռիչարլիսոնը կրկին փայլում է, Գերմանիան հավաքում է  ճամպրուկները🎥

ՕԽ. Ռիչարլիսոնը կրկին փայլում է, Գերմանիան հավաքում է ճամպրուկները🎥

28/07/2021 - 14:54

Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի շրջանակում մոտենում է ավարտին խմբային փուլը։

Վերջին` 3-րդ տուրում, Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբում մրցեց Սաուդյան Արաբիայի ընտրանու դեմ։

«Պենտակամպիոնները» բավական արագ բացեցին խաղի հաշիվը. 14-րդ րոպեին Կլաուդինիոյի իրացրած անկյունայինից հետո Մաթեուս Կունյան գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց բրազիլացիներին։

Խփած գոլից հետո էլ Անդրե Ժարդինի սաները 20-րդ րոպեին հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Էնթոնիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ վրա հասած Բրունո Գիմարաեշը բարձր հարվածեց։

Չես խփում դու, խփում են քեզ… Արաբներն առաջին կեսում ունեցած իրենց միակ իրական գոլային պահը վերածեցին դարպասի գրավման. 27-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ կենտրոնական պաշտպան Աբդուլա Ալ-Ամրին։

Այդ դրվագից ինչպես նախքան ընդմիջման գնալը, այնպես էլ երկրորդ կեսում Բրազիլիայի հավաքականն ուներ հսկայական առավելություն և բազում գոլային պահեր էր ստեղծում Սաուդյան Արաբիայի դարպասապահ Ամին Բուխարիի դարպասի ուղղությամբ, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում մրցակցի դարպասում։

Ակնհայտ էր, որ հարավամերիկացիները վաղ թե ուշ խփելու են հաղթական գոլը, որը, ի վերջո, տեղի ունեցավ 76-րդ րոպեին. բարզիլացիներին կրկին առաջ մղեց Ռիչարլիսոնը։

23-ամյա հարձակվողը ևս մեկ գնդակ էլ խփեց 90+3-րդ րոպեին և դրեց հանդիպման վերջակետը` 3:1։

Հատկանշական է, որ Ռիչարլիսոնը մրցաշարի շրջանակում խփել է արդեն 5 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այս խմբի մյուս խաղում էլ մրցեցին Գերմանիայի ու Կոտ դ’Իվուարի օլիմպիական հավաքականները։

Կողմերի միջև կայացած առաջին խաղակեսում «բունդեսմանշաֆթն» ուներ տարածքային շոշափելի առավելություն, սակայն նախքան ընդմիջման գնալը չկարողացավ բացել խաղի հաշիվը։

Երկրորդ կեսն էլ անցավ գրեթե հավասար պայքարում, ինչն էլ նպատսեց, որ հավաքականները փոխանակվեն խփած մեկական գնդակով։

խաղի հաշիվը 67-րդ րոպեին բացեցին աֆրիկացիները, որին մեծապես օգնեց Գերմանիայի հավաքականի պաշտպան Բենջամեն Հենրիքսը` դառնալով ինքնագոլի հեղինակ։

Գերմանացիների պատասխանը չուշացավ։ 73-րդ րոպեին Շտեֆան Կունցի սաները նպատսավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մստեցավ «Բոխումի» կիսապաշտպան Էդուարդ Լյովենը, ով վարպետորեն այն ուղարկեց մրցակցի դարպասը` խփելով անչափ գեղեցիկ գոլ։

Խաղավարտին մոտ Կոտ դ’Իվուարի ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաղթանակ կորզելուն, սակայն այս խաղում այլևս գոլեր չտեսանք, որն ավարտվեց 1:1 հաշվով։

Այսպիսով, D խումբը 7 միավորով հաղթեց Բրազիլիայի օլիմպիական հավաքականը, Կոտ դ’Իվուարը 5 միավորով երկրորդն է։ Վերջիններս նվաճեցին 1/4 եզրափակչի ուղեգիր, իսկ Գերմանիան (4 միավոր) և Սաուդյան Արաբիան (0 միավոր) լքեցին պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023