Ջերարդը, հնարավոր է, բաց թողնի Ռեյնջերսի չեմպիոնական խաղը🎥
Շոտլանդիայի Պրեմիերշիփի 30-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ռեյնջերսը» հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ 1։0 հաշվով հաղթեց «Լիվինգսթոնին»՝ հաղթական գնդակը խփելով 87-րդ րոպեին, որի հեղինակը դարձավ կոլումբացի հարձակվող Ալֆրեդո Մորելոսը։
Առաջին խաղակեսի վերջում, երբ կողմերն արդեն գնում էին ընդմիջման, «ռենջերների» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մրցավարի հետ վիճելու համար երկու անգամ զգուշացվեց դեղին քարտով և հեռացվեց՝ խաղի մնացած ժամանակահատվածը հետևելով մարզադաշտի տրիբունայից։
Բանն այն է, որ 40-ամյա մասնագետը դժգոհ էր հանդիպումը սպասարկող Ջոն Բիտոնի որոշումներից մեկից։ Դրվագներից մեկում գլխավոր մրցավարը Ալֆրեդո Մորելոսին դեղին քարտով պատժեց սիմուլիացիայի համար, իսկ Ջերարդը հակառակ կարծիքին էր, ինչի պատճառով էլ Ջերարդը վիճաբանության մեջ էր մտել Բիտոնի հետ։
Այդ կարմիր քարտի պատճառով SG-ին որակազրկման հետևանքով հաջորդ տուրի շրջանակում կայանալիք «Սենթ-Միրենի» դեմ խաղում պահեստայինների նստարանից չի օգնի իր թիմին՝ ռիսկի դիմելով բաց թողնել «Ռեյնջերսի» չեմպիոնական խաղը։
Եթե հաջորդ տուրում «Ռեյնջերսը» հաղթի, իսկ «Սելթիկը» «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում միավորներ կորցնի, ապա «ռենջերները» 10 տարի անց կդառնան Շոտլանդիայի չեմպիոն։
Հավելենք, որ շոտլանդական Պրեմիերշիփի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում «Ռեյնջերսն», անցկացրած 31 խաղերից հետո, վաստակել է 85 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Սելթիկին» գերազանցելով 18 միավոր։
Հավելենք, որ Պրեմիերշիփին մասնակցում են 12 ակումբներ։ Առաջնության կանոնավոր հատվածը բաղկացած է 32 տուրից, որի ավարտից հետո լավագույն 6 ակումբները միմյանց միջև ևս 6 տուր են խաղարկում՝ անցկացնելով, այսպես կոչված, չեմպիոնական փլեյ-օֆֆ՝ չեմպիոնին պարզելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆրեդո Մորելոս, Լիվինգսթոն, Շոտլանդիական Պրեմիեր լիգա, Ռեյնջերս, Սելթիկ, Սթիվեն Ջերարդ