Ռեյնջերսը հերթական թրիլլերն է պարգևում․ Ջերարդի թիմը կանգ չի առնում🎥
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ռեյնջերսը» սեփական հարկի տակ մրցեց Բելգիան ներկայացնող «Անտվերպենի» դեմ։
Մեկ շաբաթ առաջ կողմերի միջև կայացած խաղում «Ռեյնջերսը» 4։3 հաշվով թրիլլերային հաղթանակ էր տարել։
Այս խաղը նույնպես զերծ չմնաց թրիլլերային սցենարից, քանի որ կրկին խփվեց 7 գնդակ։
Երկու թիմերն էլ իրենց ուժերը պահել էին երկրորդ խաղակեսի համար և առաջին կեսում միասին վերցրած խփեցին միայն երկու գնդակ։
Նախ 9-րդ րոպեին «ռենջերներին» հաշվի մեջ առաջ մղեց Ալֆրեդո Մորելոսը, ապա 32-րդ րոպեին հրեա հարձակվող Լիոր Ռաֆայելովի ջանքերով «Այբրոքս» մարզադաշտի լուսատախտակին վառվեց 1։1 հաշիվը։
Երկրորդ խաղակեսը Ջերարդի թիմը գրեթե կատարյալ անցկացրեց, քանի որ «Ռեյնջերսի» ֆուտբոլիստները ողջ խաղակեսի ընթացքում միայն 4 հարված կատարեցին, որոնք էլ վերածվեցին գոլի։ Այդ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Նաթան Պատերսոնը (46-րդ րոպե), Ռայան Քենթը (55-րդ րոպե), Բորնա Բարիշիչը (79-րդ րոպե) և Սեդրիկ Իտենը (90+2-րդ րոպե)։
Բելգիական ակումբն այդ գոլերին պատասխանեց միայն մեկ անգամ․ 57-րդ րոպեին հաշիվը 3։2 դարձրեց Դիդյե Լամկել Զեն։
Այսպիսով, «Ռեյնջերսը» գերգոլառատ խաղում հաղթեց 5։2 հաշվով, իսկ ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 9։5, ինչը նշանակում է, որ շոտլանդական ակումբը պայքարը կշարունակի մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում։
Վերջում միայն հավելենք, որ «Ռեյնջերսը» բոլոր մրցաշարերի շրջանակում վերջին 15 խաղերում անպարտելի է՝ այդ ընթացքում տանելով 13 հաղթանակ։
Ընդհանրապես, շոտլանդական ակումբն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 43 հանդիպում, տոնել 36 հաղթանակ, 6 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել ընդամենը 1 պարտություն։
43 հանդիպման շրջանակում ակումբը խփել է 112 գնդակ, իսկ սեփական դարպասը բաց թողել 24 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆրեդո Մորելոս, Անտվերպեն, Բորնա Բարիսիչ, Եվրոպա-լիգա, Լիոր Ռաֆայելով, Նաթան Պատերսոն, Ռայան Քենթ, Ռեյնջերս