Ռեալի ղեկավարները կորցնում են հավատն Անչելոտիի նկատմամբ
«Ռեալ Մադրիդում» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, մարզչական փոփոխություն տեղի ունենա։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի ղեկավարության մոտ սկսել է կորցնել հավատը։
Աղբյուրի փոխանցմամբ` իտալացի մասնագետի վստահությունն էականորեն նվազել է Իսպայիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնային» պարտվելուց (1:3) և Լա լիգայի շրջանակում կատալոնական ակումբից 8 միավորով հետ մնալուց հետո։
Հաղորդվում է, որ այդ ամենով պայմանավորված` Անչելոտիի ապագան մեծապես կախված է նաև աշխարհի ակումբային առաջնությունում «Ռեալի» գրանցած արդյունքից։
Հատկանշական է, որ «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է ոչ միայն ակումբի գրանցած արդյունքներից, այլև թիմում տիրող մթնոլորտից ու բուն խաղամակարդակից։
Այժմ «Պապա Կառլոն» գիտի, որ այլևս սխալվելու իրավունք չունի։ 63-ամյա մասնագետը ստեղծված իրավիճակին նորմալ է վերաբերվում, քանի որ հասկանում և գիտակցում է, թե որքան բարձր են «Ռեալի» ղեկավարության պահանջները։
Բացի դրանից, Անչելոտին աշխատում է այն ուղղությամբ, որ թիմը դրական արձագանքի վերջին անհաջող մրցելույթներին։
Իտալացի մասնագետը հասկանում է, որ «արքայական» ակումբի ղեկին մնալու համար մրցաշրջանի վերջում պետք է տիտղոսներ նվաճել։
Հատկանշական է, որ «սերուցքայիններին» այժմ հանգիստ չեն տալիս նաև տարբեր վնասվածքները, որոնց հետևանքով շարքից դուրս են մնացել Կարիմ Բենզեման, Էդեր Միլիտաոն, Լուկաս Վասկեսը, Ֆերլան Մենդին, Տիբո Կուրտուան և Էդեն Ազարը։ «Պապա Կառլոն» առաջին թիմից կարող է հույս դնել միայն 15-16 ֆուտբոլիստների վրա։
63-ամյա մասնագետը ցանկանում է, որ ակումբը հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխարինող ձեռք բերի Բենզեմայի համար։
Հավելենք, որ «արքայական» ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 8-ին և աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում կմրցի Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի ակումբային առաջնություն, Բարսելոնա, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ