Ռեալը շարունակում է հաղթարշավը` ջախջախելով Մալյորկային🎥
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից Կառլո Անչելոտիի թիմը տիրեց նախաձեռնությանն ու մեծ առավելություն ուներ, սակայն տևական ժամանակ տանտերերին չէր հաջողվում բացել խաղի հաշիվը։
Դեռ ավելին` «Մալյորկան», ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 35-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը. տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Վեդաթ Մուրիքին։
Այդուհանդերձ, նախքան ընդմիջում Կառլո Անչելոտիի թիմը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
45+3-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն տպավորիչ անցում ձեռնարկեց և մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։
Երկրորդ կեսում էլ «Ռեալը» տիրում էր նախաձեռնությանը և ուներ տարածքային մեծ առավելություն, սակայն մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների խաղում չկար սրություն։
Ամեն դեպքում, 73-րդ րոպեին «սերուցքայիններին» վերջապես հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. Անչելոտիի սաների բազմաքայլ գրոհը եզրափակեց Վինիսիուսը։
89-րդ րոպեին Ռոդրիգո Գոյեսն անհատական անցումից հետո մեծացրեց «Ռեալի» առավելությունը, իսկ 90+4-րդ րոպեին Անտոնիո Ռյուդիգերը դրեց հանդիպման վերջակետը` 4:1։
Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» տոնեց 5-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 15 միավոր և վերադարձավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական` շրջանցելով «Բարսելոնային»։
«Մալյորկան», 5 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Ռյուդիգեր, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Մալյորկա, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես, Վեդադ Մուրիքի, Վինիսիուս, Ֆեդերիկո Վալվերդե