Ռեալը հիանալի տեսք ուներ․ «արքայական» ակումբը որևէ հնարավորություն չտվեց Ատալանտային🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։
Հիշեցնենք, որ կողմերի միջև երեք շաբաթ առաջ կայացած առաջին խաղում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 1։0 հաշվով։
Պատասխան հանդիպումն ակտիվ մեկնարկեցին Բերգամոյից ժամանած հյուրերը, ովքեր փորձեցին ինչ-որ ձև ճեղքել «Ռեալի» պաշտպանությունը։ Որոշ դրվագներում դա նրանց մոտ ստացվում էր, սակայն Ջանպիերո Գասպերինիի սաները չէին կարողանում դրվագը վերածել իրական գոլային պահի։
Առաջին խաղակեսի միջնամասից սկսած հանդիպման նախաձեռնությունն անցավ մադրիդյան ակումբի ձեռքը, որոնց խաղում նույնպես առանձնապես սրություն չկար։
Գնդակին ավելի շատ սկսեցին տիրել Զինեդին Զիդանի սաները, և կարելի է ասել, որ խաղը հենց նրանց սցենարով էլ ընթանում էր։
Այդ ամենին գումարվեց նաև «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Սպորտիելոյի նվերը, ով 34-րդ րոպեին գնդակը խաղի մեջ մտցնելիս փոխանցեց Լուկա Մոդրիչին, ով շատ արագ կողմնորոշվեց, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և դատարակ դարպասի դիմաց դուրս բերեց Կարիմ Բենզեմային, ով էլ բացեց խաղի հաշիվը՝ դիմակայության ընդհանուր հաշիվն էլ դարձնելով 2։0։
Առաջին խաղակեսում հյուրերն այդպես էլ որևէ լուրջ վտանգավոր պահ չստեղծեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, իսկ «Ռեալն» իր կատարած միակ դիպուկ հարվածով էլ բացեց խաղի հաշիվը։
Կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ Գասպերինիի թիմը փորձեց բեկել դիմակայության ելքը և սկսեց գրոհել, սակայն դրա պատճառով բացեր էին առաջանում պաշտպանությունում։
53-րդ րոպեին հարձակման ձախ եզրով Վինիսիուս Ժունիորն ու Ֆերլան Մենդին գրոհ զարգացրին, ինչի արդյունքում բրազիլացի վինգերն անհատական անցումից հետո ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, սակայն վերջին պահին շեղ հարվածեց։
58-րդ րոպեին նույն Վինիսիուսը 11-մետրանոց հարված վաստակեց իր թիմի համար, քանի որ «Ատալանտայի» ավագ Ռաֆայել Տոլոը կանոնների խախտում էր թույլ տվել սեփական տուգանային հրապարակում։
Գնդակին մոտեցավ Սերխիո Ռամոսը, ով դիպուկ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելույթունը։
Խփած գոլից հետո էլ «արքայական» ակումբը շարունակում էր ավելի վստահ գործել։ 68-րդ րոպեին Կարիմ Բենզեման մեկ դրվագում երկու անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Ֆրանսիացի հարձակվողի հարվածից հետո նախ Սպորտիելոն փրկեց «Ատալանտային», ապա երկրորդ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
«Ատալանտան» այս դիմակայության իր ամենաիրական գոլային պահը ստեղծեց միայն երկրորդ հանդիպման 76-րդ րոպեին, երբ Դուվան Սապատան մեն-մենակ մնաց Տիբո Կուրտուայի դիմաց, սակայն հարվածեց ուղիղ բելգիացի դարպասապահի վրա։
83-րդ րոպեին, ամեն դեպքում, բերգամոսցիները մեկ գնդակ հետ բերեցին։ Լուիս Մուրելը տուգանայինի իրացումից հետո վարպետորեն գնդակն ուղարկեց Կուրտուայի պաշտպանած դարպասը։
«Ատալանտայի» ուրախությունն անչափ կարճ տևեց, քանի որ հաջորդ իսկ գրոհին «սերուցքայինները» վերականգնեցին երկու գնդակի առավելությունը, քանի որ Մարկո Ասենսիոն հաշիվը դարձրեց 3։1։
Խաղավարտին մոտ այլևս գոլեր չգրանցվեցին։ «Ռեալն» այս խաղում հաղթեց 3։1, իսկ ընդհանուր դիմակայությունում՝ 4։1 հաշվով։ «Արայքական» ակումբը պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Լուիս Մուրիել, Լուկա Մոդրիչ, Կարիմ-Բենզեմա, Մարկո Ասենսիո, Մարկո Սպորտիելո, Չեմպիոնների-լիգա, Ռաֆայել Տոլոյ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Վինիսիուս