«Ռեալը» համառ պայքարում հաղթեց «Ռայո Վալեկանոյին»` բարձրանալով երկրորդ տեղ 🎥
Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» տնային խաղում մրցեց «Ռայո Վալեկանոյին»։
«Արքայական» ակումբն առաջին խաղակեսի միջնամասում բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 30-րդ րոպեին աչքի ընկավ Կիլիան Մբապեն, իսկ 34-րդ րոպեին` Վինիսիուսը։
Նախքան ընդմիջում հյուրերը մեկ գնդակ հետ բերեցին. 45+2-րդ րոպեին հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց Պեդրո Դիասը։
«Ռայո Վալեկանոն» նախքան գոլն էլ բավական վտանգավոր էր գրոհում և ստեղծել էր մի շարք իրական գոլային պահեր, սակայն աչքի ընկնել չէր հաջողվել։
Երկրորդ խաղակեսում էլ Ինիգո Պերեսի գլխավորած թիմը փորձում էր փրկել հանդիպումը, սակայն Կառլո Անչելոտիի սաները հետ էին մղում մրցակցի գրոհները։
Մադրիդյան գրանդը հաղթեց 2:1 հաշվով և 57 միավորով բարձրացավ երկրորդ տեղ` շրջանցելով ընթացիկ տուրում «Խետաֆեին» 1:2 հաշվով պարտված «Ատլետիկոյին» (56)։ 57 միավոր ունի նաև մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան», որը, սակայն, մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բլաուգրանայի»` 27-րդ տուրի «Օսասունայի» դեմ հանդիպումը հետաձգվել է ակումբի բժշկի մահվան պատճառով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից