Ռակիտիչ. «Մրցավարը Սևիլիայի դեմ էր աշխատում»
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց «Ռեալ Մադրիդին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել անդալուսական ակումբի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով այդ խաղում տուգանայինից կատարած հարվածով բացել էր հաշիվը։
«Տխուր արդյունք է։ Եթե թողնեք «Ռեալին» թեկուզ մեկ սանտիմետր առաջ գա, ապա արդյունքը ողբալի կլինի։
Մենք հիանալի առաջին խաղակես անցկացրինք և պետք է վճռեինք հանդիպման ելքը, սակայն, ցավոք, ոչ միշտ է այդպես լինում։
«Սևիլիան» շատ բան արեց հաղթանակի հասնելու համար, այդ պատճառով էլ պարտությունը նման խաղով խայտառակություն է։
«Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կարլոսի ձեռքով խա՞ղը։ Ես չեմ տեսել կրկնապատկերը, սակայն հանդիպման ընթացքում թվաց, թե ամեն ինչ նորմալ է։
Կամավինգայի հեռացո՞ւմը։ Ինձ թվում է ` դա այնքան ակնհայտ էր, սակայն չգիտեմ, թե ինչու նրան չհեռացրին դաշտից։ Մրցավարը «Սևիլիայի» դեմ էր աշխատում»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ այդ հանդիպման 40-րդ րոպեին վիճելի դրվագ գրանցվեց։ «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, ով արդեն ուներ դեղին քարտ, թիկունքից սահանկում թույլ տվեց Անտոնի Մարսիալի նկատմամբ ու, առանց գնդակին դիպչելու, տապալեց ֆրանսիացի հարձակվողին, սակայն գլխավոր մրցավար Գիլերեմե Կուադրա Էրնանդեսը նրան երկրորդ անգամ չպատժեց դեղին քարտով ու չհեռացրեց դաշտից։
Մանրամասները` տեսանյութում, որը հրապարակել է ESPN-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, Գիլերմե Կուադրա Էրնանդես, Էդուարդո Կամավինգա, Իվան Ռակիտիչ, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Սևիլիա