Ջուդ Բելինգհեմը որակազրկվել է երկու խաղով
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը որակազրկվել է իսպանական Լա լիգայի երկու խաղով։
Անգլիացի ֆուտբոլիստը որակազրկվել է Լա լիգայի 27-րդ տուրում «Վալենսիայի» դեմ արտագնա հանդիպման (2:2) վերջնամասում տեղի ունեցած սկանդալային միջադեպի ժամանակ ստացած կարմիր քարտի պատճառով։
Այդ խաղում Բելինգհեմը 90+9-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո գրոհի երկրորդ տեմպի ժամանակ գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն անսպասելի ազդարարեց հանդիպման ավարտը։
Այդ պահին գնդակը Բրահիմ Դիասի մոտ էր, ով փոխանցեց Բելինգհեմին։ Վերջինս գլխի դիպուկ հարվածով դարձավ գոլի հեղինակ, սակայն դարպասի գրավումը չարձանագրվեց, քանի որ հնչել էր հանդիպման ավարտն ազդարարող սուլիչը։
Հասկանալով, որ դարպասի գրավումը չի արձանագրվել` «արքայական» ակումբի ֆուտբոլիստները բորբոքվեցին, ինչից հետո Բելինգհեմը կարմիր քարտ ստացավ։
Նա մրցավարին ասել էր. «Գրո՜ղը տանի, դա գոլ էր։ Գնդակն օդում էր։ Ա՜յ քեզ, հիմարություն»։
Relevo-ն հայտնում է, որ հանդիպման արձանագրության մեջ նշված է, որ 20-ամյա ֆուտբոլիստն ագրեսիվ վարք է դրսևորել և մրցավարի հետ խոսել արհամարհական տոնով։
Բացի այդ, ֆուտբոլիստը տուգանվել է 600, իսկ «Ռեալը»` 700 եվրոյով։
Նշվում է, որ մադրիդյան ակումբը պատրաստվում է բողոքարկել Բելինգհեմի որակազրկման որոշումը։
Այսպիսով, որակազրկման պատճառով Բելինգհեմը բաց կթողնի Լա լիգայում կայանալիք «Սելտայի» և «Օսասունայի» դեմ խաղերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, Վալենսիա